«Թուլուզյան հրաձիգի» ընտանիքին թույլ են տվել որդուն Ալժիրում հուղարկավորել

09:15 • 28.03.12

Ֆրանսիական Թուլուզ քաղաքի դատախազությունը թույլատրել է Մոհամեդ Մերայի հարազատներին հուղարկավորել ահաբեկչին Ալժիրում, հայտնում է Agence France-Presse-ը:

Թույլտվությունը հարազատներն ստացել էին դեռ մարտի 23-ին, սակայն երեկ նրանք դիմել են Ալժիրի հյուպատոսություն` դին տեղափոխելու թույլտվություն ստանալու համար:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ եթե թույլտվությունը տրամադրվի այսօր, ապա 24-ամյա ահաբեկչի հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ արդեն վաղը:

Մոհամեդ Մերայի հայրը որոշել է որդուն հուղարկավորել ալժիրյան Մեդեա արվարձանում գտնվող գերեզմանատանը: Մերայի ծնողները բաժանվել են 1994թ., երբ Մոմահեդն ընդամենը 6 տարեկան էր:

Հիշեցնենք, որ Մերան իր վրա էր վերցրել այս տարեսկզբից ի վեր Թուլուզում կատարված մի շարք սպանությունների պատասխանատվությունը: Թուլուզի հրեական դպրոցի մոտ ահաբեկչի բացած կրակի հետևանքով զոհվել էին երեք աշակերտներ և մեկ ուսուցիչ: Նա սպանել էր նաև երեք զինծառայողի:

Մերան սպանվել է ոստիկանների կողմից մարտի 22-ին:

Ահաբեկչի հայրը` Մոհամեդ Բենալել Մերան հայտարարել է , որ պատրաստվում է հայց ներկայացնել ֆրանսիական իշխանությունների դեմ` իր որդուն սպանելու համար: Ի պատասխան` Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ահաբեկչի հորը կոչ էր արել «ամոթից գետինը մտնել»: