Անի Զախարյանը ՀՀԿ–ում չգտավ Նժդեհին և այժմ քննադատում է կուսակցությանը

12:44 • 28.03.12

«Մշակույթ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Զախարյանը, ով 3 տարի առաջ անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այժմ քննադատաբար է արտահայտվում նույն կուսակցության հասցեին։
«Ես չէի կարող լինել կամակատար, և այդ իսկ պատճառով դուրս եկա ՀՀԿ-ից: Անդամագրվել էի Նժդեհի գաղափարների ջատագավոը լինելով, սակայն երեք տարվա մեջ այնտեղ չգտա Նժդեհին: Ես ստիպված կուսակցությունում պետք է լինեի կամակատար, սակայն ում կամքը, որ պետք է կատարեի, նրանց շատ ժամանակ ինքս էի խորհուրդներ տալիս»,- Անի Զախարյանը ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին Անի Զախարյանն ասաց, որ ինքը որոշել էր առաջադրվել Երևանի Շենգավիթ hամայնքն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում, սակայն հետո փոխել է որոշումը։
«Ես համոզված էի, որ եթե մեծամասնականով դնեի իմ թեկնածությունը, ինձ կսատարեին բոլոր քաղաքական ուժերը, քանի որ ես վերջին ժամանականերս Ազգային ժողովում էի գտնվում և լուրջ կապեր եմ հաստատել այնտեղ»,- ասաց նա։

Նախկին ՀՀԿ-ականը նաև նշեց, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ցանկանում է խորհրդարանում տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքին, «Ժառանգություն» կուսակցությանը և նաև ՀՀԿ-ին, սակայն այլ ձևաչափով։ Իսկ թե ինչ ձևաչափով, Անի Զախարյանը սակայնը չնշեց:

«Մշակույթ» ՀԿ-ի նախագահը նաև քննադատում է ՀՀԿ-ի մի շարք գործիչների: «Արմեն Աշոտյանը լավ քաղաքական գործիչ է, սակայն ոչ լավ Կրթության և գիտության նախարար։ Էդուարդ Շարմազանովն էլ հեռուն գնացող քաղաքական գործիչ է, սակայն անվայել արտըահայտություն արեց վերջին ԱԺ նիստի ժամանակ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անվայել վարք է դրսևորել նաև ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։

Հարցին, թե քանի տարեկան եք, որ նման գործունեություն եք ծավալում, Անի Զախարյանն ասաց. «Տարիքը կապ չունի, Ալեքսանդր Մակեդոնացին էլ 20 տարեկան էր, երբ գրավեց ամբողջ աշխարհը»: