ԲՀԿ նախընտրական ցուցակը շատ մրցունակ Է. Արամ Սաֆարյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը, որը լրատվամիջոցներում և քաղաքական դաշտում լայն քննարկումների պատճառ դարձավ, ըստ կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, շատ մրցունակ է:
Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ, խոսելով այդ մասին, Սաֆարյանն ասաց. «Մեր ցուցակը գնահատում եմ շատ մրցունակ, որտեղ կան հեղինակավոր քաղաքական գործիչներ, կուսակցության կայացման փուլում մեծ ներդրում ունեցած քաղաքական գործիչներ, նոր քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, իրավաբաններ»։
Արամ Սաֆարյանը նշեց, որ ցուցակի 30 տոկոսը երիտասարդ քաղաքական գործիչներ են, սակայն արդեն հնարավորություն են ունեցել աչքի ընկել իրենց քաղաքական գործունեությամբ:
Սաֆարյանը տեղեկացրեց, որ կուսակցության նախընտրական ծրագիրը մշակվել է մի քանի ամիսների ընթացքում քաղտեխնոլոգների, քաղաքագետների և մի շարք այլ մասնագետների կողմից և քննարկվել է քաղխորհրդում:
«Մենք պայքարելու ենք ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների օգտին: Միայն այդպիսի ընտրությունների դեպքում, հնարավոր կլինի լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները»,- նշեց Արամ Սաֆարյանը:









