Հայաստանի ճարտարապետների միավորման քննարկման հրավերը մերժել էին
Հայաստանի ճարտարապետների միավորումը (ՀՃՄ) փորձում է քաղաքաշինության դաշտում իր դերը հստակեցնել և այդ նպատակով այսօր քննարկում էր «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի լրամշակման նախագծը:
Թեև միավորումը քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկել ինչպես Քաղաքաշինության նախարարությանը, այպես էլ Երևանի քաղաքապետարանին, երկու գերատեսչություներից և ոչ մեկից որևէ ներկայացուցիչ ներկա չէր քննարկմանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ճարտարապետության մասին ընդհանրապես օրենք գոյություն չունի: Նրա խոսքերով՝ կար ընդամենը նախագիծ, որը չէր համապատասխանում միջազգային փորձին:
«Քանի որ դա հենց մեզ է վերբերվում, ուստի փորձում ենք հենց մենք կարգավորել այս բացը: Մյուս բոլոր երկրներում այդ գործուներությունը կարգավորում է միության աշխատանքներով: Ճարտարապետների միության միջազգային կանոնադրության համաձայն՝ ճարտարապետներն իրենք են ձևավորում այդ աշխատանքը»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանը նաև նշեց, որ օրենքի ընդունման դեպքում այսուհետ շենք կառուցելիս իրենց կարծիքը պարտավոր են նույնպես հաշվի առնել: Ըստ նրա, նախկինում քաղաքաշինության նախարարությունն էր տալիս թույլատվության արտոնագիրը, համաձայն որի աշխատում էին:
«Դա ինքնին հասկանալի է, սակայն լիցենզիան տալիս են իրավաբանական ցանկացած անձի, իսկ մենք Ճարտարապետների գործունեության մասին օրենքով փորձում ենք ակտիվ մասնակցել մասնագիտական աշխատանքներին և այնպես անել, որպեսզի դաշտը մաքուր լինի»,- ասաց նա:
«Ճարտարապետական գործուներություն և օրենսդրություն» ծրագրի ղեկավար Լևոն Ներսիսյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց լրամշակման հիմնական սկզբունքները: «Արտոնագիրը տալիս է պետության կողմից հաստատությունը և ցանկացած իրավաբանական անձ կարող է ստանալ այն՝ ճարտարապետների դերը դարձնելով երկրորդական , երրորդական և դրա անդրադարձը մենք տեսնում ենք ամեն քայլափոխի»,- ասաց նա։
Լևոն Ներսիսյանի խոսքով՝ այս հարցում չկան պատասխանատուներ, իսկ օրենքն արդեն շեշտակիորեն բարձրացնում է ճարտարապետի դերը, նրան դարձնելով «առաջին այսպես ասած նվագողը», միաժամանակ բարձրացնելով, իհարկե, պատասխանատվությունը: Լևոն Ներսիսյանը նաև ավելացրեց, որ օրենքը հայ ճարտարապետներին թույլ կտա նույնպես ընդգրկվել միջազգային ծրագրերում:
Իր ելույթում ծրագրի ղեկավարը գործընկերներին կոչ արեց ակտիվանալ. «Եթե մենք չակտիվանանք, մեզ ոչ ոք չի ակտիվացնի, դրանով մենք և դրամաշնորհային ծրագրեր կարող ենք բերել, և դեր ուենալ քաղաքաշինության գործում: Ճարտարապետներին, մեղմ ասած, բանի տեղ չեն դնում: Նախաձեռնող եղեք»,-ասաց նա:
Ճարտարապետները օրենքի նախագծի լրամշակումը կուղարկեն և՛ կառավարություն, և՛ ԱԺ:









