Կալկաթայի հայերը. BBC-ի ֆոտոշարքը (լուսանկարներ)

12:41 • 28.03.12

Բրիտանական BBC-ն Հնդկաստանի Կալկաթա քաղաքում բնակվող հայերի մասին յուրօրինակ ֆուտաշարք է պատրաստել:

Ինչպես նշում է լրատվամիջոցը` Կալկաթայի հայերը համարվում են ամենասակավաթիվ ազգային փոքրամասնություններից մեկը: Տասնամյակներ առաջ նրանք հարուստ և ազդեցիկ մարդիկ են եղել, սակայն գնալով նրանց թիվի պակասում է:

Նշվում է, որ Կալկաթայում բնակվում է շուրջ 200 հայ, որոնցից շատերը երբեք Հայաստանում չեն եղել: Չնայած հայերի մեծ մասն ամուսնացել է այլ ազգերի ներկայացուցիչների հետ, այդուհանդերձ նրանք պահպանել են իրենց կրոնական և ազգային ինքնությունը:

Անդրադառնալով կրթական համակարգին, նշվում է որ հնդկական քաղաքում գործում է Հայկական Քոլեջ և Մարդասիրական ակադեմիա, որտեղ բացի հայերից սովորում են նաև այլազգի երեխաներ:

Հայերը Կալկաթա են եկել 1600-ականներին, ավելի վաղ քան բրիտանացիները: Նրանցից շատերը հարուստ վաճառականներ են եղել, որոնք կառուցել են ածխահանքեր, հյուրանոցներ:

Կալկաթայում առաջին հայկական եկեղեցին` Սուրբ Նազարեթը, կառուցվել է 1707թ.-ին և համարվում է քաղաքի ամենահին եկեղեցին:

Անդրադառնալով հարուստ հայերին, BBC-ն նշում է, որ ազդեցիկ հայերն այլևս կան միայն մարդկանց հիշողություններում:

Նշվում է, որ ծագումով Ջուլֆայից Չարլզ Սարգիսը, ով մահացել է անցած տարի, համարվել է Հայկական Քոլեջի «ամենահին շրջանավարտը»:

Ամփոփելով ֆոտոշարքը, լրատվամիջոցը գրում է.«Կալկաթայի երիտասարդ հայերը թեև ապրում են իրենց համայնքի ավանդույթներով, այնուամենայնիվ նրանք նաև հնդկական մշակույթի կրողներն են»: