Հայաստանում ոչ սեյսմակայուն շենքերի թիվը մեծ է. ՍՊԱԾ ներկայացուցիչ

14:20 • 28.03.12

Երևանի «ՌԻԱ Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում այսօր կայացել է Երևան-Մոսկվա-Աստանա-Քիշնև տեսակամուրջ` «Սեյսմակայուն շինարարություն. կուտակված փորձն ու նոր տեխնոլոգիաները» թեմայով:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) Կառույցների սեյսմակայունության կենտրոնի տնօրեն Զավեն Խլղաթյանը հիշեցրել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը` ընդգծելով, որ երկրաշարժից հետո վերանայվել են խորհրդային տարիներին ընդունված բոլոր նորմերն ու նորմատիվային փաստաթղթերը:

«Հայաստանում ընդունվել են սեյսմակայուն շինարարության նորմատիվային կոդեր: Առաջին կոդերը, որոնք արմատապես տարբերվում են խորհրդայինից, ընդունվել են 1994 թվականին, իսկ 2006 թ.-ին դրանք վերամշակվել են ու օգտագործվում են մինչ այսօր», - ասել է Խլղաթյանը:

Կենտրոնի տնօրենը հատուկ ընդգծել է, որ «պահպանողական» համարվող հայկական նորմերում կան «հարկերի քանակի սահմանափակումներ»:

Ըստ նրա` ներկայում Հայաստանում ընթանում է հիմնականում մոնոլիտ երկաթբետոնյա շինարարություն:

«Եթե մինչ Սպիտակի երկրաշարժը Հայաստանի տարածքում վտանգավորության աստիճանը 7-8 բալ էր, ապա ներկայում այն վերագնահատվել է և այժմ գնահատվում է հիմքի հորիզոնական արագացմամբ», - ասել է նա` ընդգծելով, որ Հայաստանն այսօր ունի սեյսմակայուն շինարարության նոր որակ:

Իր հերթին, ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը նշել է, որ «սեյսմակայուն շինարարության ողջ դժբախտությունը հին շենքերի մեջ է»:

«Մենք ունենք շենք-շինություններ, որոնք սեյսմակայուն չեն, և դրանց թիվը մեծ է», - ասել է Նամալյանը:

Նրա կարծիքով` այդ շենքերի ամրացումը սոցիալ-տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: