Այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 62 տարեկան. 196 դպրոցում բացվել է նրա թանգարանը

16:59 • 28.03.12

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին նախագահ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 62 տարեկան: Նրա ծննդյան առիթով թիվ 196 դպրոցում բացվեց նրա թանգարանը, որը կատարելու է նաև դպրոցի երեխաների համար ազգային դաստիարակչական կենտրոնի դեր:

Այսօր դպրոց էին եկել բազմաթիվ ՀՀԿ–ականներ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանը, նախկին զինակիցներ, համախոհներ, ընկերներ ու ազգականներ, Աշոտ Նավասարդյանի կինն ու դուստրը՝ Անուշ Նավասարդյանը, ով թիվ 196 դպրոցի տնօրենն է:

Հիշեցնենք, որ Աշոտ Նավասարդյանը այլախոհական գործունեության ավարտից հետո արդեն նորանկախ Հայաստանում մի քանի համախոհների հետ 1990-ին հիմնադրեց ՀՀԿ-ն, որի նախագահն էր մինչև 1997թ. նոյեմբերի մեկը՝ իր մահվան օրը:
Աշոտ Նավասարդյանի թանգարանի ցուցադրություններում ընդգրկված են անձնական իրեր, դպրոցական ավարտական վկայականը, գրքերից (նրա մասին ու նրա հեղինակած) ու ժամանակին լրացված ինքնակենսագրականներից մինչև զինվորական համազգեստ, հեռադիտակ և ռադիոընդունիչ, որոնք արցախյան պատերազմի օրերին օգտագործվել են նրա մարտական գործողությունների մասնակից ընկերների կողմից:

Կային նաև հաստափոր գրքեր մարտական զենքերի տարբեր տեսակների մասին: Այս ցուցադրության մոտ ՀՀԿ–ական պատգամավորները զարմանքով ծանոթացան մի դեղնած թղթի կտորի հետ, որը դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանի հավաստիացմամբ՝ Անկախության բանակի տղաների ու հանրապետականների ցուցակն էր, որը գտնվել է վերջերս՝ պատահմամբ:

Ցուցակում ներառված էին Աշոտ Նավասարդյանի, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի, Յուրի Բախշյանի, Վաղարշակ Մանուկյանի, Գալուստ Սահակյանի, նաև այն ժամանակ գրեթե պատանի՝ Տարոն Մարգարյանի անունները:

Հաջորդ ցուցադրություններն արդեն վերաբերում էին Աշոտ Նավասարդյանի այլախոհական գործունեությանը. ՀԽՍՀ դատարանի վճիռներ, որոնցով Նավասրադյանը երեք անգամ դատապարտվել էր ԽՍՀՄ այլախոհներին քաջ ծանոթ, նախկին 65 հոդվածով, ինչպես նաև այլախոհի երեք դատվածությունների ընթացքում ձեռք բերված Աշոտ Նավասարդյանի մատնահետքերը:

Այստեղ ցուցադրվում էր նաև նախկին այլախոհ և Աշոտ Նավասարդյանի ընկեր Հայկազ Խաչատրյանի գեղանկարը, որը պատկերում է Պերմի բանտը, որտեղ երկար տարիներ իր ազատազրկումն է կրել Աշոտ Նավասարդյանը:
Վերջին ցուցադրությունն արդեն վերաբերում էր Աշոտ Նավասարդյան քաղաքական գործչի պատգամավորական գործուենությանը, և ներառում մի գրություն, որով Նավասարդյանը մահից երկու օր առաջ ԱԺ-ից պահանջում էր անցկացնել խորհրդարանական լսումներ՝ ղարաբաղյան հարցով;

Եվ իհարկե , Աշոտ Նավասարդյանի անձնական իրերում չէր կարող չլինել իր ամենասիրելի քաղաքական գործչի՝ Գարեգին Նժդեհի կիսանդրին:

Աշոտ Նավասարդյանի դուստրը հիշեց, թե կենդանության օրոք հայրը նժդեհյան և իր սիրած մտքերից հատկապես որ մեջբերումներն էր սիրում անել իր զավակների մոտ. «Անկախությունը ինքնանպատակ չէ, այլ գենանֆոնդը պահպանելու լավագույն միջոց»:

Իսկ Նավավասարդյանի սիրած մյուս միտքն այն է, որ կրում էր այսօրվա միջացառման խորագիրը: Այն է՝ «Պետություն ստեղծելով դեռ ամեն ինչ վերջացած չէ, պետք է կարողանանք լուծել տանտիրոջ խնդիրը»: