Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ

18:04 • 28.03.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին:

Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ և ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը»: