Փչովի եկեղեցիներ` երկնքից
Ռուս ուղղափառ եկեղեցին դիմել է պատկան մարմիններ` Օդադեսանտային զորքի սպառազինության ու մարտական տեխնիկայի կազմում փչովի եկեղեցի- վրաններ ներառելու խնդրանքով:
«Դեռ նման եկեղեցիներ չկան սպառազինության մեջ ու մարտական տեխնիկայում: Սակայն Եկեղեցին հետևողական է այս հարցում: Եթե դրանք ներառվեն, ապա հնարավոր կլինի նետել ինքնաթիռներից ինքնագնացների ու դեսանտի մարտական մեքենաների հետ միասին»,- «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության Օդադեսանտային զորքի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուչերենկոն:
Նրա խոսքով` Զինված ուժեր ձևավորելիս Օդադեսանտային զորքերում զինվորական հոգևորականների համար նախատեսվել է ընդամենը մեկ հաստիք` բրիգադի հրամանատարի դաստիարակչական գծով օգնական:
«Մենք դիվիզիոնի կամ զորախմբի քահանաների հաստիք չունենք, հաստիքացուցակով նախատեսված են միայն բրիգադային հոգևորականներ», - ասել է նա` հավելելով, որ շատերը ծառայություն են անցնում կամավոր կերպով:
Կուչերենկոյի խոսքով` զինվորական քահանաներն Օդադեսանտային զորքի կազմում ծառայություն են անցնում մյուսների պես: Նրանցից շատերն անցյալում ծառայություն են անցել նույն զորատեսակում և ունեն ավելի քան հազար անգամ պարաշյուտով թռչելու փորձ:









