Աշոտ Նավասարդյանի կինը երազը հավանաբար սխալ է հասկացել. Գուրգեն Եղիազարյան

18:01 • 28.03.12

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, մեկնաբանելով Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի կնոջ երազը, որում Նավասարդյանն իր կնոջն ասել է, թե ՀՀԿ պետք եէ 61% տոկոս ձայն հավաքի գալիք խորհրդարանական ընտրություններում, ասաց, որ Նավասարդյանի կինը, հավանաբար, երազը սխալ է հասկացել:

«Ես շատ եմ հարգում Աշոտ Նավասարդյանին, սակայն նրա կինը հավանաբար երազը սխալ է հասկացել։ Ես ու Աշոտը միասին շատ լավ օրեր ենք անցկացրել, բազմաթիվ անգամ հանդիպել ենք մեր ջոկատներով, կռիվներից առաջ պարեր ենք պարել, ես նրան միշտ ազնիվ ու հայրենասեր մարդ եմ համարել»,– ասաց Եղիազարյանը:

«Ես միայն գիտեմ, որ այդ հայրենասեր մարդը, որ ողջ լիներ, վաղուց արդեն ՀՀԿ-ն լուծարած կլիներ, քանի որ նրանք այսքան տարիների ընթացքում միայն խաբել են ժողովրդին և երկիրը հասցրել ծայրաստիճան աղքատության: Իսկ իր կնոջ երազին գալով Աշոտ Նավասարդյանը կասեր, որ ՀՀԿ-ն 1.6 տոկոսից ավելի ձայն չի կարող հավաքել, այլ ոչ թե 61 տոկոս: Իմ կարծիքով նրա կինը սխալ է հասկացել երազը»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ ինքը երազ է տեսել, և իր երազում ամուսինը նրան ասել է, թե ՀՀԿ-ն պետք է 61 տոկոս ձայն հավաքի գալիք խորհրդարանական ընտրություններին։

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը նաև ասաց, որ Աշոտ Նավասարդյանի տիկնոջ շնորհիվ արդեն իսկթ վեր են ասում. «Ինձ թվում է նաև, որ արդեն ասում են, կեղծելու ենք, և 61 տոկոսը մեզ ենք վերցնելու: Ասում են լինելու է ազատ-արդար «Պրեսկոտյան» ընտրություններ, և ՀՀԿ-ն ստանալու է 61 տոկոս ձայն»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը: