Լոնդոնում կցուցադրվի Էյնշտեյնի ուղեղի երկու կտոր

11:47 • 28.03.12

Անվանի գիտնական Ալբերտ Էյնշտեյնի ուղեղի 2 կտոր առաջին անգամ կցուցադրվի Լոնդոնում կայանալիք «Ուղեղներ» ցուցահանդեսին, տեղեկացնում է Daily Maily-ը:

1955թ.-ին 75 տարեկանում գիտնականի մահից հետո նրա դիակը, իր իսկ կամքով, այրվել է, իսկ ուղեղը հանձնվել է դատաբժշկական փորձագետ Թոմաս Հարվիին, որի պնդմամբ գիտնականի որդին թույլ է տվել օգտագործել հոր ուղեղը հետազոտություններ կատարելու նպատակով:

Հարվին ուղեղը բաժանել է 240 կտորների և պահել իր տանը ֆորմալդեհիդով լի տարաներում: Այնուհետև գիտնականն ուղեղը տվել է իր գործընկեր Ուիլյամ Էրիխին: Վերջինն էլ այն հանձնել է Ֆիլադելֆիայի Mutter թանգարանին, որտեղ այն ցուցադրվել է անցյալ տարի:

Լոնդոնյան «Ուղեղներ» ցուցահանդեսը կտևի մինչ հունիսի 17-ը: