Էրդողանը Ասադին չի հավատում և չի վստահում

10:53 • 28.03.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից Քոֆի Անանի 6 կետանոց պլանն ընդունելու մասին լուրին, հայտարարել է, որ Ասադին չի հավատում և չի վստահում:

«Մեր  նախագահը, ես, մեր արտգործնախարարը, բազմաթիվ անգամներ զրուցել ենք, սակայն որևէ արդյունքի չենք հասել: Ասադին չեմ հավատում և չեմ վստանում», - ասել է նա:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ասադն այդ քայլին գնացել է Ստամbուլում «Սիրիայի բարեկամների» հավաքին ընդառաջ: Նա հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարը նախկինում էլ միջազգային նախաձեռնությունների նախաշեմին նման «ռազմավարական քայլեր» է կատարել, սակայն ավելի ուշ դա որևէ արդյունք չի տվել:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Սեուլում կայացած փակ հանդիպման ընթացքում էլ փորձել է համոզել, որ «Ասադի հետ ոչինչ չի ստացվի»:

«Մինչ այսօր շարունակվող համոզելու գործընթացը որևէ արդյունք չի տվել: Ասադը ժողովրդավարացմանն ուղղված քայլեր կատարելու խոստումները չի կատարել: Միջազգային հանրությունն այլևս չի հավատում, որ նա կանի այդ քայլերը: Հուսով ենք, որ դուք նույնպես կտեսնեք դա: Ռուսաստանը մեծ պետություն է և աշխարհում կարևոր կշիռ ունի: Քայլ կատարեք` դեպի աշխարհում խաղաղության հաստատմանը», - Մեդվեդևին ասել է Էրդողանը: