Անհետ կորած ազատամարտիկի 60-ամյակը ճիշտ ժամանակին է նշվել, ասում է նրա եղբայրը

12:58 • 28.03.12

1992թ. Մարտակերտում անհետ կորած ազատամարտիկ Մարտիկ Գևորգյանի 60-ամյակի միջոցառումն անց է կացվել ճիշտ ժամանակին, այլ ոչ թե նախընտրական նկատառումներից ելնելով՝ նրա ծննդյան տարեթիվը տեղափոխվել է և ցուցադրաբար նշվել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկի հարազատ եղբայրը՝ Նահապետ Թումանյանը, ով նշեց, որ իր եղբայրը ծնվել է 1952թ. մարտի 24-ին, այլ ոչ թե ինչպես «Հրապարակ» օրաթերթն է հայտնում՝ 1951թ. մարտի 24-ին:
Նա չի հասկանում, թե ինչու են իր եղբորը և իրենց խառնում նախընտրական «կեղտոտ» խաղերի մեջ և «շահարկում հայրենքի համար կյանքը նվիրած եղբոր անունը»:

«Միայն թուրքի մտքով կարող էր նման բան անցնել, և սուտ ինֆորմացիա տալ: Մեզ ընտրություններն ընդհանարապես չեն հետաքրքրում, կարող եք գալ և ստուգել. մարդն անձնագիր ունի, ինքը չկա, բայց անձնագիրն ու համապատասխան փաստաթղթերը հո կան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր մի հրապարակման մեջ նշել էր, թե Մարտիկ Գևորգյանի ազգականները թերթին տեղեկացրել են, որ ազատամարտիկի 60-ամյակը եղել է անցյալ տարի` «Նա ծնվել է 1951թ. մարտի 24-ին, և քաղաքական կամ նախընտրական նկատառումներից ելնելով նրա ծննդյան տարեթիվը տեղափոխելը, մեղմ ասած, անարգանք է նրա հիշատակի նկատմամբ»:

Ըստ թերթի, տեղափոխության պատճառը ԵԿՄ նախագահ, ՀՀԿ ցուցակի 15-րդ տեղը զբաղեցնող Մանվել Գրիգորյանի մասնակցությունն էր միջոցառմանը, ով «փորձել էր ցույց տալ, որ չեն մոռացել անհետ կորած ազատամարտիկին, հիշում և սգում են նրա կորուստը»:

Նահապետ Թումանյանը նշեց, որ կցանկանար իմանալ, թե որ հարազատն է նման բան ասել, և ինչու նրա անունը թերթը չի հրապարակել: Իսկ թե ում վրա է կասկածում նման շահարկումների համար, անհետ կորած ազատամարտիկի եղբայրը հստակ չի չգիտի, սակայն որ այդ մարդը պատգամավորների թեկնածուներից է, դրանում նա ոչ մի կասկած չունի: «Չեմ իմանում, դեպուտատների թեկնածուներն են, դրանց մեջ և թուրքեր կան և հայեր, ինչ իմանամ, որ մեկն է: Ես քաղաքական խաղերի մեջ չեմ խառնվում»,-ցասաց նա:

Նահապետ Թումանյանը նաև պարզաբանեց, թե ինչու է իր և հարազատ եղբոր՝ Մարտիկ Գևորգյանի ազգաննունները տարբեր: «Մենք 5 եղբայր ենք, մի հորից , մի մորից ծնված: Երեքիս ազգանունը Թումանյան է, երկուսինը՝ Գևորգյան: Պատճառն այն է, որ կեսս ծնվել ենք մինչև զագս ընկնելը, մյուս մասն էլ դրանից հետ»,-ասաց նա:

Նշենք, որ թիվ 20 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև Էջմիածին քաղաքը, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 5 թեկնածու, որոնց շարքում է նաև Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը։