Գինգրիչն աշխատանքից կազատի իր նախընտրական շտաբի աշխատակիցներին
Միացյալ Նահանգների նախագահի` Հանրապետական կուսակցությունից թեկնածության հավակնորդ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի նախընտրական շտաբի մոտ մեկ երրորդը կհեռացվի աշխատանքից: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է շտաբի հասարակայնության հետ կապերի պետ Ջո Դեսաթիսը:
«Այժմ մենք մտադիր ենք ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել կուսակցության` օգոստոսին կայանալիք նիստում հաղթանակի վրա», - ասել է Դեսաթիսը:
Նա, սակայն, չի պարզաբանել, թե ինչպես դա պետք է արվի:
Հիշեցնենք, որ կուսակցության նիստում հանրապետականները կընտրեն նախագահի թեկնածության հավակնորդներից մեկին: Իսկ հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ունենալ 1.144 պատվիրակի ձայն, սակայն ներկայում Գինգրիչն ունի ընդամենը 135 ձայն, այն դեպքում, երբ նրա մրցակիցները` Միթ Ռոմնին ու Ռիկ Սանտորումն ունեն համապատասխանաբար 568 և 273 ձայն:
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին: Դեմոկրատ Բարաք Օբամայի հետ կմրցի Հանրապետականի միասնական թեկնածուն:









