«Սարդարապատը» կհրապարակի այլընտրանքային իշխանություն ստեղծելու «ճանապարհային քարտեզը»
Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի
Այլընտրանքային ընտրությունների նախաձեռնությամբ հանդես եկող Ժիրայր Սեֆիլյանը «Սարդարապատ» շարժման անդամներին, համակիրներին մայիսի 6 –ի քվեարկությանը այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժին ընտրելու կոչով հանդես չի գա:
Ի պատասխան Tert.am-ի այն հարցին, թե, այնումենայնիվ, մինչև այլընտրանքային գործընթացի մեկնարկը լինելու են ընտրություններ, և կարևո՞ր է, թե որ քաղաքական ուժին կամ մեծամասնական թեկնածուին կպաշտպանեն առանձին ընդդիմադիր անհատները, «Սարդարապատ» շարժման նախաձենող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Զարմանալի է, որ այս բեմականությունը կոչում եք «ընտրություններ»: Մեր ժողովուրդը այս սուտ, «չընտրությունների» պրոցեսից հոգնել է, նրան չի հետաքրքրում՝ ով ում միացավ, ով քանիերորդ տեղում է ցուցակում կամ՝ մեծամասնականով ով է դրել է , ով՝ հանել: Նա հստակ գիտի, որ ընտրությունների արդյունքը կանխորոշված է, ուստի մեծամասնության կողմից լուրջ մասնակցություն չկա»:
Այսպիսով, «Սարդարապատի» միակ կոչը ժողովրդին կլինի համբերատար լինել և «իմանալ որ ամեն ինչ կորած չէ», և որ լուծումն այսօրվա դաշտում չի լինելու, այլ այն դաշտում, որ «օր-օրի ձևավորվում է ի դեմս Մաշտոցի պուրակի և այլ հարթակների»:
Tert.am-ի հարցին, թե ի՞նչ է «նշանակում այլընտրանքային ընտրություններ» և արդյո՞ք նման մոտեցումը վիրտուալ դաշտից չէ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այլընտրանքային ընտրություններ նշանակում է ռեժիմի խաղի կանոններից դուրս, ժողովրդավարական հիմունքների վրա ձևավորել իշխանություն՝ ընտրությունների միջոցով»:
Ինչ վերաբերում է այընտրանքային ընտրության վիրտուալ լինելուն, ապա «Սարդարապատ» շարժման հիմնադիրն ասաց, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի դրա ճանապարհային քարտեզը, որը կմանրամասնի, թե ինչպես է ձևավորվելու ապօրինի վարչախմբին զուգահեռ օրինական իշխանություն: «Եվ կտեսնեք, որ այդ ամբողջը վիրտուալից իջնում է գետին»,-ամփոփեց Ժիրայր Սեֆիլյանը:
Պատասխանելով հարցին, թե այստեղ այնուամենայնիվ քաղաքական ու քաղաքացիական նիհիլիզմ չկա՞, վերջինս կրկնեց, որ թե՜ Դաշնակցությունը և թե Ժառանգությունն ու Կոնգրեսը իրենց մասնակցությամբ լեգիտիմացնում են վարչախմբին:
«Պատկերացրե՜ք, թե ինչ կլիներ, եթե ո՛չ Կոնգրեսը, ո՛չ Ժառանգությունը, ո՛չ Դաշնակցությունը» չմասնակցեին: Ինչ էին անելու իրենք, ֆարս կլիներ չէ՞»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Այնուամենայնիվ, որպես հայացք կողքից, ինչ կարծիքի է ընդդիմադիր քաղաքական-հասարակական գործիչը տարբեր կուսակցությունների համասնական ցուցակների մասին, (մամուլում ՀՀԿ-ինը որակվել էր որպես «ցեցը տված», «քյարթուների», ԲՀԿ-ինը՝ երիտկարիերիստների և այլն), Սեֆիլյանը ասաց, թե ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, մի մասը քիչ, մի մասը՝ 100 տոկոսով, վերահսկվում են գործող վարչախմբի, համապատասխան ատյանների և անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:
«Այսինքն՝ ցուցակներում հայտնված մարդիկ, հատկապես՝ անցողիկ տեղերում, մեծամասամբ պատահական մարդիկ չեն: Եվ այդ ողջ ցուցակներում ընդամենը մի քանի հոգի կան, որոնք ինքնուրույն անձնավարություններ են, իսկ մյուսները ծառաներ են:Նորից եմ ասում՝ չկասկածեք, որ ամեն ինչ կանխորոշված է և ընտրությունները 2007-ի նման է լինելու, հատուկ սյուրպրիզներ չեն լինելու և ի տարբերություն նախորդի, Սերժ Սարգսյանն իր ներկայությունը ԱԺ-ում էլ ավելի է ամրապնդելու, ինչպես Հուսնի Մուրաբարքը՝ իր վերջին ծնած խորհրդարանում»:
Այսինքն՝ ըստ «Սարդարապատ« շարժման հիմնադրի՝ կուսակցությունները որպես կուսակցություն իրենց դերը կորցրել են ոչ միայն ընտրությունների մասնակիցներ, այլև այլ գործառույթներում:









