Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը չգրանցեցին

16:36 • 28.03.12

Այսօր թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Ոստիկանության անձնագրերի և վիզաների բաժանմունքի մարտի 15-ի գրությունը, որոշեց մերժել Հայ ազգային կոնգրեսի ընդդիմադիր դաշինքի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը :

Այսօրվա նիստում հանձանաժողովը որոշեց, որ նույն տեղամասում մյուս երեք թեկնածուների` Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանի, Գարեգին Նուշիկյանի և անկուսակցական Գագիկ Շահնազարյանի փաստաթղթերը համապաստախանում են ԸՕ պահանջներին:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն ավելի վաղ տեղեկանք էր ներկայացրել առ այն, որ Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում: Իսկ առաջին եև երկրորդ տեղեկանքների տարբերության մասին հետագայում Ոստիկանությունը պարզաբանել էր, թե «զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով» Անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատւր Սուքիասյանին վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, և Հայաստանում մշտապես բնակվելու հանգամանքները և պարզել, որ թեկնածուն տևական ժամանակ անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Խաչատուր Սուքիասյանի շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում է ԸԸՀ որոշումը բողոքարկել վարչական դատարանում:

«Մենք վճռական ենք և եթե Հայաստանի դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք մինչև եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը: