Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

19:19 • 28.03.12

Մարտի 28-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Եվրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀԱԿ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի և առաջիկա անելիքիների մասին տեղեկատվություն ստանալը:

Դեսպանների խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը: Մասնավորապես ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է:

Դեսպանների խնդրանքով ՀԱԿ առաջնորդը ներկայացրել է նաև խորհրդարանում Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները, ինչպես նաև անդրադարձել է համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: