Ամենակարևոր մարտահրավերը ժամանակակից երկիր ունենալն է. Լիլիթ Գալստյան
Հայաստանի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկը ժամանակակից երկիր ունենալն է, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները, ըստ պատգամավորի, որևէ առնչություն չունեն «մոդեռն» Հայաստանի հետ: Ըստ Լիլիթ Գալստյանի՝ դա կարելի է եզրակացնել արդեն մեկնարկած քարոզարշավից, ինչի մասին են փաստում՝ նրա խսքով ընտրակաշառքների բաժանումը, «մուրաբաների և բամբաներկաների» տեսքով:
«Սա ողբերգություն է, մենք այլասերում ենք մեր քաղաքացուն, որը պետք է լինի երկրի պետականության կառուցողը»,- ասաց նա՝ Հայաստանում ներկա իրավիճակը բնորոշելով որպես «արևելյան աղբ», որտեղ կան բազմաթիվ խնդիրներ։
«Թաղված ենք մենաշնորհների, մարդու իրավունքների խախտումների, արտագաղթի մեջ: Այսպիսի պայմաններում Հայաստանի ճակատագիրը վտանգված է»,- նշեց նա:
Քաղքական ինստիտուտների կայացումը, Լիլիթ Գալստանի գնահատմամբ, Հայաստանում «երազանքի կամ սատիրայի պես մի բան է», իսկ նման պարագայում մարտունակ երկիր կառուցելն անհնար է:
Խոսելով կուսակցությունների կարգախոսներից, որտեղ գերիշխում է «հավատալ» բառը, պատգամավորն ասաց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ որքան հուսալքված է հայ հասարակությունը։
«Վաղուց հայ հասարակությունը հավատի կորուստ ունի: Նրանց մի մասն սպասում է կաշառքի, մի մասը չի գնում ընտրության, քանի որ չի հավատում այլևս փոփոխություներին»,- բացատրեց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կարգգախոսին (Ազատություն, արդարություն, դաշնակցություն), ապա կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ այն հենց այնպես մտածված չի եղել, և իրենք հավատում են Հայաստանի ապագային:









