Մալիի ռազմական խունտան նոր Սահմանադրություն է ընդունել
Մալիի ռազմական խունտան երեկ երեկոյան հայտարարել է նոր Սահմանադրության ընդունման մասին, հայտնում է «Ֆրանս պրես»-ը:
Նոր Սահմանադրության մեջ նշվում է, որ Մալին «իրավունքի ու բազմակարծության ժողովրդավարության երկիր» է, որտեղ «երաշխավորված են մարդու հիմնարար իրավունքները»:
«Մալի պետությունն անկախ ու ինքնիշխան ժողովրդավարական, աշխարհիկ ու սոցիալական հանրապետություն է», - նշված է հեռուստաեթերում զինվորական իշխանությունների ներկայացուցչի ընթերցած փաստաթղթում:
70 հոդվածից բաղկացած Մայր օրենքի համաձայն` ներկայում կառավարող ռազմական խունտայի անդամները չեն կարող մասնակցել առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մալիում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում: Իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհ զինվորականները գրավել էին պետական հեռուստաընկերությունների շենքերը, գրոհել նաև նախագահական նստավայրը` ձերբակալելով մի քանի նախարարի:
Զինվորականների ներկայացուցիչը հայտնել էր, որ զինծառայողները պատրաստ են իշխանությունը փոխանցել նոր կառավարությանը, որը կընտրվի ընտրությունների արդյունքում:









