«Մեր Հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնը ամփոփեց. հաղթողը մեկնելու է Հունաստան (տեսանյութ)
Շուրջ երկու ամիս Գյումրիում տևած «Մեր Հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնը մարտի 24-ին ավարտվեց: Արդեն հայտնի է հաղթողի անունը, ով արժանացել է դեպի Հունաստան մեկ շաբաթյա ուղեգրի։ Մրցույթի երրորդ փուլը կայացավ Հյուսիսային Հայաստան կազմակերպված շրջագայության ժամանակ, որտեղ էլ որոշվեց մրցույթ-փառատոնի հաղթողը:
Մրցույթի առաջին փուլում դպրոցականները գրել էին շարադրություններ, իսկ երկրորդ փուլում թեստային առաջադրանքներ կատարել:
Մրցույթ-փառատոնի նախաձեռնությունը Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանինն էր, որը իրականացվել էր «Իմ–Տուր» տուրիսատական ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների շնորհիվ:
Մարտի 24-ին 168 գյումրեցի` 7-12-րդ դասարանցիներ և նրանց ուսուցիչներն ու ծնողները, գնացքով մեկնեցին Հայաստանի հյուսիսում գտնվող Հաղպատի, Սանահինի վանական համալիրներ: Դպրոցականերից շատերն առաջին անգամ էին գնացքով երթևեկում և գոհունակություն էին հայտնում իրենց նման հնարավորություն ընձեռելու համար:
«Շատ ուրախ ենք, նախ առաջին անգամ ենք գնացք նստում, հետաքրքիր միջոցառում էր, ոչ ստանդարտ: Շատ շնորհակալ ենք կազմակերպիչներից»,-նշեց աշակերտուհիներից մեկը:
Երեխաներից ոչ պակաս ոգևորված էին նաև ուսուցիչները, որոնցից մեկը պարզվեց, 20 տարուց ավել չէր եղել Հայաստանի հյուսիսում. «Շատ բարձր է տրամադրությունս, երկար տարիներ` շուրջ 20 տարուց ավել գնացքով առավել ևս հյուսիսային Հայաստան չէի ուղևորվել, այն էլ մեր քաղաքի լավագույն երեխաների հետ: Անշուշտ շատ ողջունելի է, շատ ուրախալի է այս նախաձեռնությունը։ Տա Աստված՝ մեր շատ շատ քաղաքական գործիչներ, պետական այրեր, նաև բիզնեսով զբաղվող գործարարաներ կրթության որակի բարձրացմանը նպաստող, ճանաչողական նախաձեռնություններով շուտ-շուտ հանդես գան»,- ասաց 37 դպրոցի տնօրեն Սայաթ Մինասյանը:
1-ին դպրոցի տնօրեն Նառա Թադևոսյանը ևս կարևորեց պատմամշակութային արժեքներին դպրոցականներին ծանոթացնելու գաղափարը, որը նա համարեց հայրենքի հանդեպ սեր սերմանելու գաղափար. «Եթե մենք արդեն այսպես տարիքն առած այսքան ոգևորվել ենք, ապա ինչքան են ոգևորվել աշակերտները, որոնց կյանքում նոր–նոր նմանատիպ միջոցառումներ պիտի լինեն։ Պիտիով եմ ասում, որովհետև համոզված եմ, որ այս ալիքը պիտի շարունակվի, և մարդիկ, ինչպիսին են Արման Սահակյանը և նրա նմանները, պիտի նեցուկ լինեն և այս ընթացքը ավելի կանոնավոր, ավելի պարբերական ու ավելի հաղթական դարձնեն։ Սա «ինտելեկտուալ գնացք» է, որտեղ հավաքվել են լավ, բարի, դրական լիցքերով մարդիկ»,- ասաց նա:
Նախաձեռնությունը նույնքան անակնկալ էր նաև «Իմ-Տուր» տուրիստական գործակալության համար, որի տնօրենը ևս ուղևորվում էր գնացքով:
«Մեզ համար մեծ ու հաճելի անակնկալ էր Հյուսիսային Հայաստանի վայրերով այս ուղերթի կազմակերպման առաջարկը, դրա համար ես մի քանի անգամ հարցրեցի, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել. Արման Սահակյանը վերստին հաստատեց առաջարկը: Ես սա հիասքանչ ձեռնարկ եմ համարում, ինչն ուղղված է դպրոցականներին»,-ասաց «Իմ-Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Քրիստինա Հարությունյանը:
Արդեն Հաղպատում երեխաներին դիմավորեց և իր օրհնությունը տվեց վանահայր տեր Ասպետ վարդապետ Պալյանը, ապա մասնակիցներին միացավ նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նշեց, որ սիրով է համաձայնել Արման Սահակյանի` ինտելեկտուալ մրցույթներ կազմակերպելու գաղափարը:
«Երբ որ ամիսներ առաջ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Արման Սահակյանը դիմեց նախարարություն, որպեսզի մեզ հետ միասին իրականացնենք մի շարք հետաքրքիր նոր ծրագրեր, մենք սիրով ողջունեցինք: Ես ողջունում եմ իր քաղաքացիական նախաձեռնությունը` մեր երեխաների մեջ իրականցնելու նման ինտելեկտուալ քարոզարշավներ»,- ասաց նախարարը:
Այնուհետ տեղի ունեցավ գլխավոր մրցանակի խաղարկման համար մրցույթը: Արման Սահակյանը հայտարարեց հաղթողի անունը, ով Գյումրու թիվ 7 դպրոցի աշակերտ Քաջիկ Հարությունյանն էր: Հաղթողն անչափ հուզված էր և կարողացավ միայն իր երախտիքի խոսքը հղել իրեն գիտելիք տվողներին. «Շատ ուրախ եմ, որ այսքան խելացի մարդկանց մեջ ես էլ իմ տեղը գտա: Շատ մեծ գոհունակության զգացում ունեմ, շատ շնորհակալ եմ բոլորից, որովհետև ես միայնակ այսքան գիտելիք չէի կարողանա ունենալ, շնորհակալ եմ իմ դպրոցից, ուսուցիչներից, տնօրենից»,- ասաց մրցույթի հաղթողը:
Մրցույթից գոհ էր նաև նախաձեռնողը`Արման Սահակյանը, ով նշեց, որ նման միջացառումները կլինեն ավանդական և կանցկացվեն ամեն տարի:
«Կարծում եմ մեր միջոցառումը ստացվեց, այդ մասին են վկայում մեր աշակերտների զգացմունքները: Այսօր մրցույթի վերջին փուլն էր, արդեն ունենք հաղթող, որը կմեկնի Հունաստան: Շատ շնորհակալ եմ բոլոր տնօրեններին և մարզային, քաղաքային իշխանություներին, որ ստացվեց այսպիսի լավ միջոցառում անել: Հուսով եմ կլինի շարունակական: Կփորձենք դարձնել ավանդույթ, որպեսզի ամեն տարի շնորհալի երեխաները մասնակցեն այսպիսի մրցույթների և խրախուսվեն»,-նշեց մրցույթի նախաձեռնողը:
«Այս միջոցառումը ցույց է տալիս, որ մեր երեխաների հոգեբանությունը և մղումները Արման Սահակյանը շատ ավելի լավ գիտի, քան առանձին մանկավարժներ: Իսկ սա խոսում է մարդու ինտելեկտուալ բարձր կարողություների և հատկանիշների մասին»,- ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը:
Այնույհետ երեխաները ուղևորությունը շարունակվեց դեպի Սանահինի վանքային համալիր, ապա նրանք վերադարձան Գյումրի:









