Մոզրովի քարանձավի վերականգնման աշխատանքային խումբը քարանձավ կմեկնի ապրիլի սկզբին

18:46 • 28.03.12

Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավի վերականգնման համար աշխատանքային խումբն արդեն կազմվել է և ապրիլի սկզբին կմեկնի քարանձավի վայր, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց բնապահպան ակտիվիստ Գոռ Հովհաննսիսյանը:

Նա տեղեկացրեց, որ բնապահպանները հանդիպել են Մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, ում նախաձեռնությամբ էլ կազմվել է խումբը:

«Մենք հանդիպել ենք Մշակույթի նախարարության համապատասխան մարմինների, ինչպես նաև Հուշարձանների պահպանության գործակալության հետ: Աշխատանքային խումբը կազմված է և ապրիլի 3-ին կամ 4-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» աջակցությամբ աշխատանքային խումբը կգնա, կտեսնի Մոզրովի քարանձավում ինչ աշխատանքներ պիտի արվեն ու մենք անձամբ պիտի հետևենք, որ այդ աշխատաքներն իրականացվեն»,- ասաց ակտիվիստը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի կեսերին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը:

Ըստ նախաձեռնության՝ նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն ահազանգին արձագանք չի եղել:
Ինչպես նախկինում հայտնել էր Tert.am-ը փլուզման հետևանքով քարանձավից կախված քարեր են ընկել, որի հետևանքով բացվել է քարանձավի առաստաղը, իսկ դա, ըստ բնապահպանների, վնասում է քարանձավին, քանի որ այտեղ փոշի է ներթափանցում, բացի այդ, տաք ու սառը օդից վնասվում է քարանձավի ներսի հատվածը:

Մշակույթի նախարարության կարգադրությամբ ժամանակավորապես քարանձավ մուտքն արգելվում է:
Հարցին` արդյոք քարանձավում կան նոր փլուզումներ, Գոռ Հովհաննիսյանը նախ ասաց, որ տարվա այս շրջանում քարաթափություններ լինում են, բայց, ըստ Վայոց ձորում գտնվող իրենց բնապայպան ակտիվիստ ընկերների, նոր նկատելի վնասներ չկան. «Հիմա փլուզումմների շրջանն է և ամեն տարի նման բան կրկնվել է, ուղղակի այս տարվա դեպքը աննապադեպ էր»,- ասաց բնապահպանը:

Գոռ Հովհաննսիյանը նախկինում նշել էր, որ վերականգնման համար արդեն հովանավորների շնորհիվ հայթայթել են 4.000 ԱՄՆ դոլար: Հարցին, թե օգտագործվելու է այդ գումարը, թե նախարարությունն է իր բյուջեից հատկացնելու, Հովհաննիսյանն ասաց. «Վերականգնման համար ծախսվելու է այն գումարը, որը մենք նշել ենք, որ ունենք: Չնայած եթե ավելանան ուրիշ խնդիրներ, այսինքն պարզվի, որ էլի վերականգնման աշխատանքներ են պետք, այդ դեպքում կդրվի հարցը քննարկման, թե ո՞վ է գումարը գտնելու, թե՞ նախարարությունն է գումարը իր բյուջեից տալու»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստը:

Նշենք որ Մոզրովի քարանձավն ընդգրկված է ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: