Վաշտի հրամանատարի տեղակալը ավտոմեքենայով «մտել է» խորովածանոց (լուսանկարներ)

13:45 • 28.03.12

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը ուղարկվել են ըստ ենթակայության:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 25-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Նորագավիթի 1-ին փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի 29 ԼՏ 712 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արամ Հովհաննիսյանը, վարելով ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին կառուցված խորովածանոցի ներսում:

Վթարի հետևանքով Ա.Հովհաննիսյանի ուղևորը՝ Սերժիկ Յոլչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ, ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում, և այդ նյութերն ուղարկվել են ըստ ենթակայության, քանի որ պարզվել է վարորդ Ա.Հովհաննիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի