2008թ.– համեմատ Հայաստանում ընտրողների թիվն ավելացել է 173.927–ով

19:49 • 28.03.12

ՀՀ ոստիկանության հրապարակած 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների ցուցակների համաձայն՝ Հայաստանում ընտրողների թիվը 2 մլն 485 հազ. 844 մարդ է։ Մինչդեռ վերջերս հրապարակած Ազգային վիճակագրական ծառայությունը մարդահամարի նախնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 870 հազար:

Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններին ռեգիստրում գրանցված է եղել 2.311.917 ընտրող։ Ստացվում է, որ ընտրողների թիվն ավելացել է 173.927–ով։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Ոստիկանությունից պահանջում է պարզաբանել, թե ինչով է բացատրվում ընտրողների թվի նման աննախադեպ աճը: «Այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից»,- ասաց նա:
Մեծամասնականով առաջադրված «Ժառանգության» մյուս թեկնածուների հետ վերջինս ուսումնասիրել և պարզել է, որ իրենց ընտրատարածքային բոլոր տեղամասերից արձանագրել են ընտրողների ավելացում, ինչն անառարկելի է:

Բացի այդ, պատգամավորը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր ընտրողների թիվը նման աննախադեպ աճ ունենալ, երբ վերջին տարում Հայաստանց մեկնողների թիվ գերազանցում է Հայաստան եկողների թվին։

ԱՎԾ-ի տվյալներով՝ 2001թ. մարդահամարի տվյալների համեմատ բնակչությունը պակասել է 415 հազարով:
Ստեփան Սաֆարյանը կասկած չունի, որ այս միջոցով իշխանությունները փորձ են անում մի քանի հարյուր հազար գոյություն չունեցող մարդու անուներով քվերթերթիկներ լցոնել: