Ֆրանսիան ԱՄՆ-ի խնդրանքով նավթի ռազմավարական պաշարները վաճառքի կհանի

20:54 • 28.03.12

Ֆրանսիան պատրաստ է բացել իր նավթի ռազմավարական պաշարները` համաշխարհային շուկայում նավթի գինը նվազեցնելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Էրիկ Բեսոնը:

Նախարարը նշել է, որ Ֆրանսիան այդ քայլին կդիմի ԱՄՆ-ի խնդրանքով:

Անցյալ տարվա հոկտեմբերին, Ֆրանսիան որպես ռազմավարական պաշար 17 մլն տոնա նավթ և նավթամթերք էր պահեստավորել: Այդ քանակությունը երկրի պահանջները կբավարարի 98 օր: Միջազգային օրենքներով, յուրաքանչյուր երկիր պետք է 90 օրվա վառելիքի պաշար ունենա:

Տեսականորեն, ազգային ռազմավարական պաշարներն անհրաժեշտ են խոշոր միջազգային ճգնաժամերի` պատերազմի կամ տարերային աղետների դեպքում ճգնաժամը հաղթահարելու համար: Սակայն ներկայում դրանք կարող են օգտագործվել գների իջեցման համար:

Նավթի գները, վերջին շրջանում պահպանվում են մեկ բարելի դիմաց 100 դոլարից բարձր ցուցանիշի վրա, և այս իրավիճակը չի փոխվում նույնիսկ մի շարք երկրներում նավթի արդյունահանման ծավալների ավելացման պարագայում: