Դեպքից 5 ամիս անց տուժողը հեռուստահաղորդումից ճանաչել է կողոպտիչին
2011 թ. հոկտեմբերի 4-ին Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում անհայտ անձը Օգանովի փողոցում գտնվող թիվ 179 դպրոցի մարզադաշտի մոտակայքում բացահայտ հափշտակել է 1976 թ. ծնված Նազելի Մ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեպքից շուրջ 5 ամիս անց՝ 2012 թ. մարտի 8-ին, ոստիկանության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, հիշյալ կողոպուտը կատարելու կասկածանքով, Երևանի Բաբաջանյան փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի խաչմերուկից բերման էին ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Մանուկյանին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները հիմնավորել էին, որ կողոպուտը կատարել է Գ. Մանուկյանը:
Կողոպուտի բացահայտման վերաբերյալ տեսանյութը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդաշարով դիտելուց հետո ոստիկանության մի շարք բաժիններ են ներկայացել շուրջ մեկ տասնյակ քաղաքացուհիներ՝ հայտնելով, որ հեռուստահաղորդումից ճանաչել են իրենց նույնպես կողոպտած Գևորգ Մանուկյանին:
Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել նաև Մանուկյանի համանման գործողություններից տուժած ևս մեկ կին. նա հայտնել է, որ 2011 թ. հունիսին Օգանովի փողոցի թիվ 9 շենքի մոտ Գևորգ Մանուկյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Գ. Մանուկյանը կալանավորված է:









