Ռոմնին կատարել է Մեդվեդևի խորհուրդը` «հիմնավորել» է ասածները

11:22 • 28.03.12

Միացյալ Նահանգների նախագահի` Հանրապետական կուսակցությունից թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնին պատասխանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` իր հասցեին հնչած քննադատությանը` Foreing Policy ամսագրում հոդված տպագրելով:

Հիշեցնենք, որ նա CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի «թիվ մեկ թշնամին» էր համարել Ռուսաստանին, ինչին ի պատասխան` Մեդվեդևն ասել էր, որ Ռոմնիի ասածներից «Հոլիվուդի հոտ է գալիս» և խորհուրդ տվել նրան արտահայտվելիս «հիմնավորել ասածները»:

«Պատահական չէ, որ պարոն Մեդվեդևը ներկա պահին զբաղված է իմ հասցեին քննադատությամբ: Ռուսներն ակնհայտորեն ցանկանում են գործ ունենալ Սպիտակ տան ներկայիս ղեկավարության հետ», - ասել է Ռոմնին:

Նա իր հոդվածում քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ռուսաստանի հանդեպ հակահրթիռային պաշտպանության ոլորտում վարած քաղաքականությունը:

Երկուշաբթի Սեուլում կայացել է Մեդվեդև-Օբամա հանդիպումը, որի ավարտին կողմերը հայտնել են, որ չի հաջողվել համաձայնության հասնել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցում (ՀՊՀ): Ռուսաստանը գտնում է, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը սպառնում է իր երկրի անվտանգությանը:

Սակայն լրագրողներին հայտնի էր դարձել, որ խոսակցության ընթացքում Օբաման Մեդվեդևից այսպես ասած` ժամանակ էր խնդրել, մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը: ԱՄՆ նախագահի խոսքով` ընտրություններից հետո «նա առավել շատ ճկունություն կունենա» հակահրթիռային պաշտպանության ոլորտում հետագա բանակցությունների համար:

«Ճկունություն, որպեսզի ի՞նչ անել: Նա ասում է, որ Կրեմլը կարող է հույսը դնել Ճկունության վրա: Սա տագնապ է առաջացնում»,- Օբամայի խոսքերն է մեկնաբանել Ռոմնին:

Նրա խոսքով` այս երկխոսությունը հարցեր է առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ ընդհանրապես երկրի վարած արտաքին քաղաքականության առումով: «Օբաման ապշեցուցիչ թուլություն է դրսևորել»,- նշվում է հոդվածում: