Ոստիկաններն ու փրկարարները ռումբ են փնտրում (թարմացված, լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության 1-02 ծառայություն և հայտնել, որ Ալիխանյան եղբայներ փողոցի 22-րդ շենքում ռումբ է տեղադրված. նշված հատվածն առավել հայտնի է որպես Ֆիզիկայի ինստիտուտի տարածք:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ալիխանյան փողոցում գտնվող, այսպես կոչված «Սպիտակ շենքի» մոտ են հավաքվել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության աշխատակիցները, ինչպես նաև հատուկ վարժեցված շներով սակրավորները և 1-03 շտապօգնության բրիգադը:
Սակայն մոտ 40 րոպե տևեց, մինչև ոստիկաններն ու փրկարարները կարողացան պարզել նշված շենքի վայրը, քանի որ բնակիչները պատմում էին, թե նման հասցեով շենք նշված թաղամասում գոյություն չունի:
Այնուամենայնիվ, թաղամասի մի քանի շենքեր ստուգելուց հետո հնարավոր եղավ պարզել այդ շենքի վայրը. Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ է գտնվում, ինչ-որ հիմնարկություն է, որտեղ այս պահին ռումբի որոնողական աշխատանքներ են իրականացվում:
Գագիկ Շամշյանի ունեցած տեղեկություններով, անցյալ տարի նույն շենքում ռումբի տեղադրված լինելու վերաբերյալ ևս ահազանգ էր եղել, որն ի վերջո պարզվել էր, որ կեղծ էր:
Աշխատանքները ղեկավարում են Երևանի փրկարար ծառայության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանը, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի քննիչները արդեն դեպքի վայրում սկսել են նյութեր նախապատրաստել:









