Ամերիկացի դատավորն արգելել է մահապատիժ կիրառել ներկրված դեղամիջոցներով

17:54 • 28.03.12

ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Ռիչարդ Լեոնան արգելել է կիրառել ներկրված տիոպենտալ նատրիումը, որն օգտագործվում է որպես անզգայնացնող միջոց՝ մահապատժի կիրառման համար:

Վճռում ասվում է, որ սննդամթերքի և դեղերի վերահսկիչ վարչությունը խախտել էր օրենքը, երբ թույլատրել էր դեղամիջոցը ներմուծել երկիր, քանի որ դրա կիրառումը ԱՄՆ-ի տարածքում պաշտոնապես թույլատրված չի եղել:

Դատավորը պարզաբանել է, որ արտասահմանում արտադրված և ԱՄՆ-ում օգտագործման համար պաշտոնապես չթույլատրված դեղամիջոցը կարող է ցավազրկող ոչ մի ազդեցություն չունենալ: Բացի այդ, դատավորը նշել է, որ տիոպենտալ նատրիումը կարող է հայտնվել մարդկանց լայն զանգվածի ձեռքում:

Հավելենք, որ տիոպենտալ նատրիումի օգտագործումն արգելելու խնդրանքով հանդես էին եկել մահապատժի դատապարտված բանտարկյալների փաստաբանները:

ԱՄՆ-ի տարածքում տիոպենտալ նատրիումը թույլատրվել էր, իսկ դրա դեֆիցիտն առաջացել էր այն ժամանակ, երբ երկրում 2010 թ.-ի սեպտեմբերից դեղամիջոցն արտադրող միակ Hospira ընկերությունը դադարեցրել էր արտադրությունը: Այդ պատճառով շատ մահապատիժներ հետաձգվել են, սակայն մի շարք նահանգներ սկսել են պենտոբարբիտալ օգտագործել: