Համապետական ընտրությունները պետք է անցնեն աննախադեպ մակարդակով. Կոտայքում ասել է Վլադիմիր Գասպարյանը

14:45 • 28.03.12

Մարտի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման խնդիրներին` նշելով, որ համապետական ընտրությունները պետք է անցնեն աննախադեպ մակարդակով:
«Ոստիկանությունը պետք է հստակ ու պրոֆեսիոնալ գործի օրենքով ընձեռված իր լիազորությունների շրջանակում, ինչը հասարակության և ժամանակի պահանջն է»,– ասել է Գասպարյանը:

Անդրադառնալով ընդհանրապես ոստիկանությանն ու մասնավորաբար Կոտայքի մարզի ոստիկաններին առաջադրվող խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը կարևորել է անձնական և մասնագիտական որակների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

«Ոստիկանությունը պետք է կատարի օրենքի պահանջը, ծառայի օրինապահությանը»,– ընդգծել է ոստիկանության պետը՝ շեշտելով հատկապես ղեկավար կազմի դերակատարությունն այդ գործում:
Ամփոփելով հանդիպումը` Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին հրահանգել է անվերապահորեն կատարել օրենքի պահանջներն ու ծառայողական պարտականությունները, անմնացորդ իրականացնել այն առաքելությունը, որին կոչված է ոստիկանությունը: