Հայաստանը երբևէ այսքան վատ վիճակում չի եղել. Վլադիմիր Կարապետյան
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի արտաքին հարաբերություների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ իր ողջ պատմության ընթացքում Հայաստանը չի եղել այնքան վատ վիճակում, ինչպես հիմա է:
«Հայաստանը երբեք իր պատմության մեջ չի եղել այսպիսի սոցիալական և բարոյահոգեբանական ճգնաժամում»,- այօսր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Նրա ձևակերպմամբ՝ իշխանությունները ձախողվել են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ. չեն կատարում տված խոստումները, չեն բարելավում սոցիալ-տնտեսական պայմանները, ուստի ժողովուրդը արտագաղթում է։
«Հիմնական խոստումները չեն կատարվել, ժողովուրդն ապրում է ավելի վատ, բյուջեն ավելի քիչ է, ժողովուդը չունի հեռանկար, դրա համար էլ արտագաղթն աճում է»- ասաց Կարապետյանը, ով միակ ելքը տեսնում է իշխանափոխության մեջ, ինչին էլ, նրա խոսքով, ՀԱԿ-ն ամեն կերպ ձգտելու է:
«Ամեն բան անելու ենք իշխանափոխության համար, իսկ այս ընտրությունները դրա մեկնարկն են»,- ասաց նա:
Վլադիմիր Կարապետյանին ի պատասխան Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց. «Ամեն ինչ արե՛ք Ազգային ժողովում լինելու համար: Ժամանակն է դասագիրք գրեք, թե ինչու չեղավ ձեր իշխանափոխությունը»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը առաջարկեց իրար մեղադրելու փոխարեն իրավիճակը փոխելու քայլեր ձեռք առնել:
«Իրար փնովելու փոխարեն պետք է այնպես անենք, որ այս վիճակը լավանա, իսկ պատմությունը ցույց է տվել, որ մեր փոխարեն դա ոչ մեկ չի անի»,- նկատեց պատգամավորը:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ասաց, որ այս երկիրն ապագա չունի, քանի որ բոլորին կուսկացականացնում են։
«ՀՀԿ-ականների խոսքերը շատ լավն են, բայց խոսքից այն կողմ կա իրական պատկերը: Իշխանությունները կուսակցականացնում են բոլորին` մանկապարտեզի դայակից մինչև օպերային երգիչ: Այս երկիրը ապագա չունի»,- ասաց նա։
Գալստյանի խոսքով՝ երկրում հավատի և բարոյականության ճգնաժամ է, իսկ իշխանություններն այս իրավիճակի համար չեն ուզում պատասխանատվություն կրել:









