Ֆրանսիացի 200 զինվորական դուրս է բերվել Աֆղանստանից
Աֆղանստանից ֆրանսիական զինուժի արագացված դուրս բերման ծրագրի շրջանակներում 200 ֆրանսիացի զինվոր լքել է այդ երկիրը, գրում է Foxnews-ը:
Հունվարին Նիկոլա Սարկոզին, խախտելով ԱՄՆ-ի հետ մինչ 2014թ.-ի ավարտը Աֆղանստանից զորքերի դուրս բերման նախնական պայմանավորվածությունը, հայտարարել էր, որ ֆրանսիական զինուժը նախատեսվածից շուտ` մինչ 2013թ.-ի ավարտը, դուրս կբերվի Աֆղանստանից:
Ֆրանսիացի զինվորներին ոգևորվել է այս որոշումը: Նրանք նշել են, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը բավականաչափ փորձառություն ունեն սպառազինության գաղտնի պահեստները գտնելու և ռումբեր վնասազերծելու հարցերում:
Նախագահն այս հայտարարությունն արել էր աֆղանցի զինվորի կողմից 4 ֆրանսիացի զինվորների սպանությունից հետո: Սակայն չի բացառվում նաև, որ Սարկոզին հաշվի առնելով գալիք նախագահական ընտրությունները, միտումնավոր է դիմել այդ քայլին` իմանալով, որ ֆրանսիացիների մեծ մասը կողմնակից է զորքի դուրս բերմանը Աֆղանստանից:
Նշենք, որ Բրիտանիան իր հերթին հայտարարել է,որ մինչ տարվա ավարտը Աֆղանստանից դուրս կբերի 500 զինվոր`հասցնելով զինուժի թիվը 9 հազարի:









