Արգենտինայում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Ազատարար Սան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով

11:53 • 29.03.12

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսդե Կիրչների հրամանագրով Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգևատրվել է Ազատարար Աան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով:

Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ շքանշանն օտարերկրյա դիվանագետներին շնորհվող ամենաբարձր պետական պարգևն է:

Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության Սան Մարտին պալատում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Արգենտինայի կառավարության պարգևը Հայաստանի դեսպանին հանձնեց ԱՀ արտաքին գերատեսչության փոխնախարար Էդուարդո Անտոնիո Զուայինը:

Իր ելույթում նա բարձր է գնահատել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ավանդն Արգենտինայի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, կարևորել է վերջին տարիների ընթացքում մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը և կարևոր նշանակություն ունեցող միջպետական պայմանագրերի ստորագրումը:

Իր շնորհակալական խոսքում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նշել է, որ արգենտինական բարձր պարգևն ընդունում է որպես Հայաստանի և Արգենտինայի միջև գերազանց հարաբերությունների և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության գնահատական:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բուենոս Այրեսում և կվերադառնա Երևան: