Օտարերկրացի մարզիկներին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ չի թույլատրվի ամուսնանալ

13:12 • 29.03.12

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի` ոչ Եվրամիության անդամ երկրներից ժամանած մասնակիցներին չի թույլատրվի ամուսնանալ Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը:

Բրիտանական իշխանությունները մարզիկներին, մարզիչներին ու մարզական պատվիրակությունների անդամներին կտրամադրեն հատուկ կիսամյակային այցագրեր, որոնք թույլ չեն տա նրանց ամուսնանալ այդ երկրի տարածքում:

Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությունը մտավախություն ունի, որ Օլիմպիադան կարող է լավ առիթ լինել ապօրինի ներգաղթյալների ու ահաբեկիչների համար` երկրում բնակության իրավունք ստանալու առումով:

Այցագիր ստանալու համար, մարզիկները և մարզական պատվիրակությունների անդամները պետք է ապացույցներ ներկայացնեն այն մասին, որ երկրում մնալու են կես տարուց ոչ ավելի, չեն ընդունվի աշխատանքի և որ նրանք ունեն բավարար միջոցներ Մեծ Բրիտանիայում մնալու համար:

Երկիր ժամանելուց հետո, նրանցից կվերցվեն մատնահետքեր, նաև կսքանավորվի նրանց դեմքը: Նման միջոցառումները կառնչվեն նույնիսկ ԱՄՆ քաղաքացիներին, որոնցից սովորական պայմաններում Միացյալ Թագավորություն այցելելու համար այցագիր չի պահանջվում: