«ԲՄՎ»-ն հայտնվել է ջրատարում. կա 2 զոհ, 2 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր` մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Մասիսի տարածաշրջանի Հովտաշեն գյուղի հատվածում «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել և հայտնվել ջրատարում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Տեղում է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:
Ջրատարից Մասիսի փրկարարները և ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ դուրս են բերել 2 հոգու` 24-ամյա Արմեն Մելքոնյանին և 27-ամյա Յուրի Ավագյանին, ովքեր տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Փրկարարները որոշ ժամանակ որոնողական աշխատանքներ իրականացնելուց հետո ջրատարից հանել են ևս 1 ուղևորի` 25-ամյա Սարգիս Մելքոնյանին` ցավոք, արդեն մահացած:
Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենայում եղել է ևս 1 հոգի` 24-ամյա Գևորգ Ավագյանը, ում փրկարարներն ու ոստիկաններն արդեն ջրատարում փորձում են հայտնաբերել:
Արմեն Մելքանյանն ու Սարգիս Մելքոնյանը, ինչպես նաև Յուրի Ավագյանն ու Գևորգ Ավագյանը եղբայրներ են, բոլորն էլ` Մասիսի տարածաշրջանի Մասիս գյուղից: Ավելի ուշ դեպքի վայր բերվեց ջրասուզակ, սակայն առավոտյան լուսաբացին Գևորգ Ավագյանի դին հայտնաբերվեց ջրատարից դուրս եղեգների մեջ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:









