Կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել Վրաստանին ֆինանսավորումը. «Ռեզոնանսի»
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջիմ ՄըքԴերմոթը Կոնգրես է ներկայացրել «Վրաստանում ժողովրդավարության մասին 2012թ. ակտ»-ը, որով առաջարկում է դադարեցնել երկրի ֆինանսավորումը, եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ոչ ժողովրդավար ճանաչվեն, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով վրացական «Ռեզոնանսի» թերթին:
Սակայն, ըստ նրա, եթե Պետդեպարտամենտը գտնի, որ ընտրություններն անցել են ազատ, արդար ու մրցակցային մթնոլորտում, ապա 2013 թ. ԱՄՆ-ն կշարունակի հատկացումներ տրամադրել Վրաստանին:
Օրինագծում նշվում է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ճնշում է ընդդիմությանը: Խոսքը, մասնավորապես, իշխանությունների կողմից ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ճնշումների մասին է:
«Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին հայտարարել է, որ «իշխանությունները մտադիր են անցկացնել արդար ընտրություններ»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ստուգել` ինչի համար և ինչպես է Վրաստանը ծախսել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գումարները:









