Շուկայում հայտնվել են «Նիկոմեդ» ընկերության դեղերի կեղծված տարբերակները
Հայաստանյան դեղերի շուկայում հայտնվել են «Նիկոմեդ» դեղագործական ընկերության դեղամիջոցների կեղծված տարբերկաները՝ այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով՝ կեղծվել են հետևյալ դեղամիջոցները՝ «Стекловидное тело», Concor 5 mg, Concor Cor 2,5 mg, Aktovegin Forte 200 mg դեղամիջոցները, որոնք տարածված են հանրապետության որոշ դեղատներում և դեռ վաճառքում են:
Խնդրի մասին տեղեկացվել է նաև կառավարությունը, սակայն Սամվել Զաքարյանն ասաց, որ գործադիրն այս ուղղությամբ դեռ քայլեր չի ձեռնարկել։
Ըստ Զաքարյանի՝ ամենից վատն այս իրավիճակում այն է, որ Հայաստանում չկա կառույց, որն իրավասու լինի վաճառքից հանել շուկայում տարածված կեղծ դեղերը:
Հարցին, թե ինչպես կարող է սպառողը հասկանալ, կեղծ է դեղը, թե ոչ, Զաքարյանն ասաց, որ պետք է ստուգել pharm.am կայքում, թե որքանով է դեղը համապատասխանում կայքում եղած դեղերին: Բայց քանի որ ոչ բոլորը հնարավորություն ունեն համացանցին միանալ, Զաքարյանն ասաց, որ այլ կերպ հնարավոր չէ տարբերակել, քանի որ կեղծված դեղերը նման են բնօրինակին։
Զաքարյանը պարզաբանեց, որ այդ դեղերը համարվում են կեղծ, որովհետև պարզվել է, որ դրանք գրանցված չեն Հայաստանում: Համաձայն կարգի, մինչև Հայաստան ներկրելը դեղամիջոցնմերը գրանցվում են և ենթարկվում փորձաքննության, իսկ քանի որ դրանք չեն գրանցվել, ուստի պարզ չէ, թե ինչ բաղադրություն ունեն և վնաս են արդյոք մարդու առողջության համար, թե ոչ:
«Այդ դեղերը գրանցված չեն և պարզ չէ ում համար են արտադրվել, ինչ պարունակություն ունեն, որտեղից են ներկրվել»,- ասաց Զաքարյանը:
Նա ավելացրեց, որ այս խնդիրը դեղերի ներկրման կարգի մեջ փոփոություն անելու հետևանք է, որին դեմ է արտահայտվել 50-ից ավելի դեղագործական ընկերություն: Զաքարյանի խոսքով՝ նախկինում չէր թույլատրվում ներմուծումներ կատարել երրորդ երկրից, այլ միայն արտադրող երկրից, իսկ այժմ թույլատրվում է, ինչի պատճառով էլ հեշտացել է ներմուծման և կեղծումների հնարավորությունը։
«Անթույլատրելի է, որ հեշտացել է ներմուծման ձևը»,- ասաց Զաքարյանը և ավելացրեց, որ քանի որ այս դեղերը գրանցված չեն, արտադրողը պատասխանատվություն չի կրում դրա համար:
Սամվել Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ չգրանցված դեղերը հայտնաբերել և այդ մասին ահազանգել է «Նիկոմեդ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:
Ըստ նրա՝ նախ այդ այդ դեղերը պետք է հանվեն վաճառքից, իսկ հետո հետազոտոելը:









