Աստված մեզ հետ չէր այդ օրերին...
Հարյուրավոր հայեր, հրեաներ և նրանց աջակիցներ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս հրապարակում հարգելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպասնության, ինչպես նաև Հոլոքոստի զոհերի հիշատակը, հայտնում է Western Queens Gazette-ը:
Միջոցառումը նվիրված կլինի Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից սպանված մոտ երկու միլիոն զոհված հայերի և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի նացիստական իշխանությունների կողմից սպանված մոտ 6 միլիոն հրեաների հիշատակին:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգության 97-րդ տարելիցին ընդառաջ Հայոց Ցեղասպանությունը վերապրած 4 կանայք պատմել են այն վիշտն ու ցավը, որ ապրել են այդ օրերին: Միջոցառումը տեղի է ունեցել Մարտի 25-ին 4 կանայք, որոնք մեկ դար և նույնիսկ ավելի են ապրել, պատմել են իրենց պատմությունները:
«Փաստը, որ չնայած նրանց տարիքին, իրենց հետ տեղի ունեցած իրադարձությունները դեռ հիշում են, վկայում է այն մասին, թե որքան տրավմատիկ են եղել դրանք», - ասել է Միչիգանի համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Դենիս Փափազյանը:
Փերուզ Գալուստյան, 102 տ: Ծնվել է խարբերդում` 1909 թ.-ին: Նա ընդամենը երկու տարեկան է եղել, երբ թուրքերը իրենց ընտանիքի բոլոր տղամարդկանց տարել են, մոտ 15 հոգու և նրանց զույգ-զույգ կապելով Եփրատ գետը նետել: Երբ նա մորը հարցրել է, թե որտեղ են տղամարդիկ, մայրն սկսել է լաց լինել և ասում, որ նրանք այլևս չեն վերադառնա: Ավելի ուշ Գալուստյանին և նրա մորը թուրք առաջնորդներից մեկի` Իբրահիմ բեյի կնոջ մոտ որպես աղախին են տանում: Մոտ հինգ տարի անց նրանք փախչում են Հալեպ, որտեղ մնում են մոտ երեք տարի, իսկ հետո մեկնում ԱՄՆ, որտեղ «ցեղասպանությունից փրկված հայրը սպասում էր իրենց»:
«Հուսով եմ, որ մի օր բոլոր հայերը կհամախմբվեն և վրեժխնդիր կլինեն թուրքերից: Նրանք ստախոս եղել են, կան ու կմնան: Աստված մեզ հետ չէր այդ օրերին, բայց կգա օրը, երբ արդարությունը կծառայի Աստծուն և թուրքերը պատասխան կտան հայերի դեմ արածների համար»,- ասում է Գալուստյանը իր մայրենի լեզվով:
Արշալույս Դադիր, 100 տ.: Ծնվել է 1913 թ. Օգոստոսի 15-ին Շապին Գարահիսարում: Նա պատմում է, որ հորը սպանել են երիտթուրքերը` ընդամենը 25 տարեկան հասակում, իսկ մայրն ընդամենը 20 տարեկան է եղել: Նրա բժիշկ քեռին, մեկն էր այն այն նահատակներից, որոնք սպանվեցին ապրիլի 1915 թ.-ի ապրիլի 24-ին` հայ առաջնորդների հետ, որոնց մեջ նաև թուրքական խորհրդարանի անդամներ կային: Նա հիշում է հարյուրավոր մարմիններ` միմյանց վրա դիզված:
«Քանի դեռ տարիներն անցնում են, ես երբեք ավելի լավ չեմ լինի, քանի դեռ արդարություն չի հաստատվել», - ասել է նա:
Երրորդը Շարլոտ Քեչեջյանն է` ծնված 1912 թ. հոկտեմբերի 21-ին: Նա պատմել է, թե ինչպես են հարյուրավոր մղոններ մոր հետ քայլել անապատով` փախչելով հետապնդող թուրքերից: Նա հիշել է, թե ինչպես հոգնած ու սոված քնել են անապատներում: Պատմել է, թե ինչպես էր մայրը խոստանում, որ եթե մի քիչ էլ դիմանա, հարմարավետ և ուրախ լինի և առատ սնունդ ունենա: «Դա, իհարկե, չեղավ»,-պատմում է նա և ավելացնում,- «Դա այնպիսի մի բան է, որ հուսով եմ երբեք չեք տեսնի»:
Եվ վերջինը Ազնիվ Կիրակոսյանն է: Նա ծնվել է 1910 թ.-ի դեկտեմբերի 30-ին` Ուրֆայում: Նրա ամբողջ ընտանիքը սպանվել է, իսկ 6-ամյա աղջիկը մեծացել է որբանոցում:









