Գևորգ Պողոսյանը հավատում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներին» ի տարբերություն Ադիբեկյանի

18:27 • 29.03.12

Ի տարբերություն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար և Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը հավատում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հարցումների արդյունքներին:

Ըստ Պողոսյանի իր ղեկավարությամբ անցկացված սոցհարցման արդյունքներն ընդհանուր առմամբ շատ մոտ էին «Հայաստանի եվրոպացի բարեկամների» սոցհարցման տվյալներին։ «Միայն այն տարբերությամբ, որ իրենց մոտ «Բարգավաճի» վարկանիշը մի 2 տոկոսով բարձր է, քան հանրապետականինը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ միտումները նույնն են։

Հիշեցնենք, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության փետրվարին անցկացրած սոցհարցման արդյունքներով հարցվողների 27.1%-ն ասել էր, որ իր ձայնը կտա ԲՀԿ-ին, 24.5%–ը՝ ՀՀԿ-ին, իսկ 16.6%-ն ասել էր, որ չի կողմնորոշվել, թե ում օգտին կքվեարկի։ Կոալիցիոն կուսակցություններին էլ հաջորդում էին Հայ հեղափոխական դաշնակցություն , «Օրինաց երկիր» և «Ժառանգությունը» կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը:

Իր վերջին ասուլիսի ժամանակ Գևորգ Պողոսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում կա մոտ 15 տոկոսանոց մի զանգված, որը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու:

«Նախընտրական կոմպանիաներն էլ դեռ չեն սկսվել, կարող էր ազդել կուսակցությունների համամասնական ցուցակների տպագրությունը, բայց դե ճանաչելով մեր ընտրազանգվածին, գիտեմ, որ իրենք շատ ավելի ուշ են ծանոթանում էդ ամեն ինչին: Իսկ ամենից առաջ իմանում են լրագրողները, քաղաքական գործիչները, սոցիոլոգները»,– ասաց Գևորգ Պողոսյանը:
Կուսակցությունների համամասնական ցուցակների մասով սոցիոլոգի համար ակնհայտ է, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը փորձել են իրենց ցուցակները թարմացնել: Իսկ սա, ըստ Պողոսյանի, վկայում է այն մասին, որ իրենք ենթադրում են, որ բավականին թեժ պայքար ու մրցակցություն է լինելու:

«Թե չէ էլի հին կազմով կտանեին, և չեմ կարող ասել, որ սրանք շատ են տարբերվում հներից, բայց միայն այն, որ իրենք փոփոխություններ արել են, նոր մարդկանց են ընդգրկել, դա խոսում է այն մասին, որ պատրաստվում են լուրջ մրցակցության»,– բացատրեց նա:

Գևորգ Պողոսյանը սրանում միայն դրականն է տեսնում, քանի որ, ըստ նրա, սա վկայում է այն մասին, որ նախկինում ամբողջությամբ մենաշնորհային քաղաքական դաշտը դարձել է ավելի մրցակցային:

«Այսօրվա վիճակից դատելով՝ նույնիսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն բոլորովին էլ չեն կարող վստահ լինել, որ անպայման մեծամասնություն ԱԺ-ում կազմելու են»,- նշեց սոցիոլոգը:

Նա իբրև սոցիոլոգ այնքան էլ հաջողված չի համարում կոալիցիոն կուսակցությունների կարգախոսները, այն առումով, որ նոր գաղափարներ ու մտքեր չեն պարունակում և նշում է, թե այնպիսի տպավորություն է, որ մեկը մյուսին նայելով «էդ հատավալու պարագան ընդգրկել են»: