Կառավարության և նախարարությունների կուսակցական պաշտոնյաները ապրիլի 1-ից կգնան արձակուրդ
Ուզում եմ հիշեցնեմ կառավարության բոլոր անդամներին, ովքեր որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին և քարոզարշավին, պետք է ապրիլի 1-ին արձակուրդների դիմումներ գրեն: Այս մասին այսօր Կոտայքի մարզում անցկացված կառավարության արտագնա նիստի վերջում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Դա արվում է նրա համար, որ պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն քարոզարշավի ժամանակ: Նրանք ովքեր կցանկանան արձակուրդ չգնալ և պաշտոնավարեն, ապա պետք է կուսակցությունների համամասնական ցուցակներից դուրս գան»,-ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ ցուցակներից դուրս գալու համար պետք է յուրաքանչյուր անձ դիմի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ դա նախարարներին չի վերաբերվում, քանի որ նախարարների պաշտոնը քաղաքական պաշտոն է:
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 6-ին տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:









