Փարիզյան դատարանը Guerlain տան ղեկավարին տուգանել է «նեգր» բառի համար
Փարիզյան դատարանը նորաձևության հայտնի Guerlain տան ղեկավարին՝ Ժան-Պոլ Գերլենին պարտավորեցրել է 6 հազ. եվրո տուգանք վճարել՝ վերջինիս ռասիստական արտահայտությունների համար:
2010 թ.-ին Գերլենն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես սկսել եմ նեգրի պես քրտնաջան աշխատել, չնայած չգիտեմ, իսկապես նեգրերը միշտ շատ են աշխատել»:
Հարցազրույցից հետո խտրականության դեմ պայքարող մի շարք ֆրանսիական կազմակերպություններ պարֆյումերի դեմ հայց էին ներկայացրել, գրում է Le Figaro-ն:
Բացի այդ, վերջերս Eurostar-ի մի քանի սևամորթ աշխատակիցներ հայտարարել էին, որ Գերլենը նրանց հետ զրույցի ժամանակ մարդատյաց հայտարարություններ է արել:
Ի պատասխան 75-ամյա պարֆյումերը նշել է. «Ես ուզում էի ծիծաղեցնել լրագրողներին և զղջում եմ դրա համար»:
«Ես ներողություն եմ հայցում սևամորթների համայնքից այս իմբեցիլության համար», - հավելել է նա:









