Հակոբ Հակոբյանի դիմումն ընդդեմ Սեդրակ Սարոյանի ԿԸՀ-ն մյուս 3 հարցերի հետ մերժեց

17:41 • 29.03.12

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մերժեց Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցությունից ինքնաառաջադրված Հակոբ Հակոբյանի(Ճոյտ) ներկայացրած (27.03.2012թ.) դիմումը, ըստ որի, նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի ներկայացրած տեղեկանքը, ըստ որի նա վերջին 5 տարում մշտապես բնակվել է ՀՀ–ում, չի համապատասխանում իրականությանը։

Ըստ դիմումի՝ ԸԸՀ-ի որոշումն անհիմն է, ուստիև Հակոբյանը պահանջում է այն բեկանել և նոր որոշում ընդունել:
ԿԸՀ հանձնաժողովը նաև քննարկման դրեց քաղաքացի Ռուբեն Թորոսյանի թվով երեք դիմումները՝ թիվ Ը-46,Ը-47, Ը-48 և բոլորի դեպքում էլ որոշում վարչական վարույթները կարճեց, քանի որ առկա խախտում չի եղել:

Դիմումներից մեկը վերաբերում էր Հանրային Հեռուստաընկերությանը, որը, ըստ նրա, խախտել է Ընտրական օրենսգրքի պահանջը և քարոզչություն է իրականացրել։ Մյուսը նույն համատեքստով վերագրված էր Հանրային ռադիոյին: Վերջին դիմում դիմումատուն նշում է, թե Լոռու մարզպետը խախտելով օրենքը՝ դպրոցներում քարոզչություն է իրականացնում, որով, ըստ նրա, խախտվել է միայն ՀՀ քաղաքացու հավասար ընտրական իրավունքը:

Դիմումատուն պահանջում է ճանաչել քաղաքացու իրավունքների խախտման փաստը և միջոցներ ձեռնարկել նմանատիպ խախտումների կանխման ուղղությամբ, ինչը սակայն ԿԸՀ-ն դիմումով հարուցված վարչական վարույթը մերժեց՝ նման խախտումների փաստեր չլինելու պատճառաբանությամբ:

ԿԸՀ-ն մերժեց նաև «Տաղանդավոր սերունդ» և «Ազատականություն և ժաղովրդավարություն» հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդակների հավատարմագրման դիմումը՝ առաջինի դեպքում այն իրականացնելու համար գրանցելով 550 անուն, իսկ երկրոդի դեպքում՝ 28 անուն:

Առաջինի մերժման պատճառաբանությունը ԿԸՀ-ն հիմնավորեց այն հանգամանքով, որ «Տաղանդավոր սերունդ» ՀԿ-ն մանկապատանեկան, երիտասարդական կազմակերպություն է և նրա նպատակն է գտնել տաղանդներ, ուստի այն չի համապատասխանում դիտորդական առաքելության պահանջներին:

Ըստ ԿԸՀ Նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ այդ իրավունքը, ըստ կանոնադրության, սահմանված է այն կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը վերաբերում է ժողովրդավարության և մարդու իրավուքնների հարցերին:

«Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի դեպքում մերժվեց, քանի որ ներկայացված է եղել այլ կազմակերպության անուն, այլ կազմակերպության կանոնադրությամբ, այսինքն՝ ըստ հանձնաժողովի՝ ՀԿ-ի գործուներությունը չի համապատասպանում այն անվան հետ, որը ներկայացված է: