Վրաստանը` մեղրի հայրենի՞ք. վրաց պատգամավորն անսպասելի առաջարկ է արել

14:34 • 29.03.12

Վրաց պատգամավոր, Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Գիա Թորթլաձեն առաջարկում է Վրաստանը հռչակել «մեղրի հայրենիք»: Իր գաղափարը նա ներկայացրել է Գյուղատնտեսության նախարար Զազա Գորոզիային, հայտնում է GHN-ը:

Թորթլաձեի խոսքով`  Բորժոմիում, «թալանված գերեզմանոցում» հայտնաբերվել է մեղրով լի կերամիկական տարա, որը մոտ 3.700 տարեկան է: Թե ինչպես է հաջողվել մթերքին պահպանվել այդքան երկար ժամանակ, պատգամավորը չի պարզաբանել: Բացի տարայից, հայտնաբերվել են նաև մարդկային ատամներ:

Պատգամավորը գտնում է, որ հայտնաբերվածն «աշխարհի հնագույն մեղրն է»:

Թե ինչի հիման վրա պետք է Վրաստանը համարել «մեղրի հայրենիք», պարզ չէ: Նշվում է, որ մեղր օգտագործել են նաև Քարե դարի բնակիչները: Ինչ վերաբերում է մեղվաբուծությանը, ապա դրանով զբաղվել են մասնավորապես Հին Եգիպտոսում ու Հին Հունաստանում: