Վրացական իշխանությունները խափանեցին համայնքային հանդիպումը. Արամ Գաբրիելյան

12:05 • 29.03.12

Վրացական իշխանությունները Ջավախքում ուղղակիորեն խաթարել են համայնքային հանդիպումը, որի ընթացքում տեղի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող և «Ա-ԻՆՖՈ» լրատվական գործակալության տնօրեն Արամ Գաբրիելյանը պատրաստվում էր հայ համայնքին ներկայացնել Բրյուսելում եվրոպական մի շարք պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների արդյունքները:

Կազմակերպիչները հանդիպմանը հրավիրել էին Ջավախքի՝ այդ թվում՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի և Ծալկայի շրջանների ղեկավարներին, իրավապաշտպանների, տարբեր քաղաքական, մշակութային և ուսումնական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների:

Այնուամենայնիվ, կազմակերպիչների խոսքերով՝ հադիպման դեռ սկզբում կազմակերպությունների անդամները տեղեկացրել են, որ չեն ներկայանալու ֆորումին, քանի որ «վերևից» զանգել-զգուշացրել են: Կազմակերպիչներին նույնպես թույլ չէին տվել հանդիպումը կազմակերպել քաղաքի դահլիճներից որևէ մեկում:

Բրյուսելյան հանդիպումների ընթացքում Գաբրիելյանը ներկայացրել է ջավախահայության վիճակը՝ ընդգծելով, որ իր այցը կապված է վրացական իշխանությունների՝ ջավախահայության հետ հանդիպելու հրավերի մերժման հետ: Նա սա պայմանավորել է ուժային կառույցների ճնշումների հետ, ինչը, նրա խոսքերով, ևս մեկ անգամ հաստատում է իրենց նախաձեռնության կարևորությունը և ցույց է տալիս այն լրջագույն վիճակը, որում հայտնվել է ջավախահայությունը:

Արդյունքում, հանդիպումը կայացել է հայկական կազմակերպությունների խորհրդի գրասենյակում՝ ընդամենը 30 հոգով:
Խոսելով հանդիպմանը չներկայացած տեղական ղեկավարության մասին, Գաբրիելյանը ափսոսանք է հայտնել, նշելով, որ «ավելի լավ կլիներ, եթե վերջիններս ներկա լինեին ու անձամբ լսեին Բրյուսելյան հանդիպումներ մասին, քան այդ ամենի մասին տեղեկանային ամենատարբեր անվստահելի աղբյուրներից»:

Գաբրիելյանը կրկնել է բազմաթիվ անգամ հնչեցրած այն կարծիքը, որ Վրաստանը պետք է դառնա լիարժեք դաշնային պետություն, նշելով, որ այդ գաղափարին հետ համամիտ են նաև Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ: