Ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար պետք չէ սպասել ընտրությունների օրվան. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար պետք չէ սպասել ընտրությունների օրվան, բոլոր ջանքերը պետք է արդեն իսկ գործի դրվեն:
«Մենք փորձում ենք կառավարությունից, կուսակցություններից, քաղաքացիական հասարակությունից, ԶԼՄ-երից գտնել այն գործընկերներին, որոնց մենք կօգնենք նախընտրական այս շրջանում ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելուն ուղղված նրանց ջանքերը իրացնելու համար»,-այս մասին դեսպանն ասաց ՄԻՊ գրասենյակում՝ վերջինիս և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջև կնքված փոխհամաձայնության հուշագրի ստորագրման շրջանակում:
Այն հարցին, թե արդյո՞ք դեսպանը հավատում է ՀՀ իշխանության այն հավաստիացումներին, որ ընտրությունները անցնելու են ազատ և թափանցիկ, նա պատասխանեց. «Այդ հավաստիացումները մենք ողջունում ենք: Երբ դրանք հայտարարվում են ամենաբարձր մակարդակով և մեծ հստակությամբ են արվում, մենք կարծում ենք որ դրանք կկատարվեն»,-ասաց նա և նշեց, որ ուրբաթ օրը գլխավոր դատախաղությունում տեղի էր ունեցել միջոցառում, որի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին հաստատել է այդ հավաստիացումները:
«Բայց դա միայն իրենց խնդիրը չէ: Դրանում իրենց դերակատարումը պետք է ունենան ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական հասարակությունը և լրագրողները: Նրանք պետք է կառավարությանը հաշվետու դարձնեն իրենց խոստումների համար»,-ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:









