Խոդորկովսկու որդու կարծիքով իր հայրն ազատվելուց հետո ընդդիմության առաջնորդ կդառնա

08:46 • 29.03.12

«ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու որդի` Պավելը կարծում է, որ իր հայրը մի քանի տարի անց ազատության մեջ կլինի և Ռուսաստանի ընդդիմության բարոյական առաջնորդը կդառնա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Որոշ ժամանակ կանցնի` մեկ կամ երկու տարի, կես տարի առաջ ես մտածում էի, որ հինգ տարի կտևի, նոր կուսակցություններ կստեղծվեն, նոր հարթակ կձևավորվի, որի համար մարդիկ իրականում կկարողանան քվեարկել: Ես չեմ բացառում, որ եթե իմ հայրը 2-3 տարի անց ազատության մեջ լինի, նա կարող է նման բարոյական առաջնորդ դառնալ», - ասել է Պավել Խոդորկովսկին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավարի որդին համոզված է, որ եթե հայրը անմիջապես վաղը ազատվեր, ապա քաղաքական գործընթացների մեջ չէր ցանկանա մտնել, և Ռուսաստանի քաղաքական մրցավազքին չէր մասնակցի:

«Քանի որ մեր հասարակությունը, մեր քաղաքական համակարգը դեռ չեն հասել այն մակարդակի, երբ ցանկացած թեկնածուի համար հավասար պայմաններ են հնարավոր», - նշել է Պավելը:

Նշենք, որ Պավել Խոդորկովսկին Նյու-Յորքում է բնակվում: