ՄԻՊ գրասենյակը և ԱՄՆ ՄԶԳ-ն փոխհամաձայնության հուշագիր ստորագրեցին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր կնքվեց ՄԻՊ գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջև:
Հուշագիրը ստորագրեցին ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայասանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Հուշագրի ստորագրումով ԱՄՆ ՄԶԳ-ն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, նրա վարչությունների և մարզային ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և տեսանելիության բարելավման նպատակով կտրամադրի տեխնիկական օժանդակություն:
ՄԶԳ-ն կօժանդակի ՄԻՊԳ-ին հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև կօգնի ՄԻՊԳ-ին արդյունավետորեն արձագանքել թեժ գծի միջոցով քաղաքացիների կողմից ստացված բողոքներին:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ այս հուշագիրը ինտելեկտուալ և տեխնիկական համագործակցության մասին է վկայում:
«Մեր համագործակցությունը դեսպանատան և ՄԶԳ-ի հետ ունի արժեհամակարգային նշանակություն: Մեր համագործակցությունը հիմնված է հենց այդ արժեհամակարգի վրա: Մեր հասարակությունը երբեմն ցինիկաբար է մոտենում ժողովրդավարությանը: Շատերը կարծում են, որ երբ կա հացի խնդիր, մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին խոսել ավելորդ է: Բայց ես կարծում եմ, որ հենց այս պարագայում անհրաժեշտ է այս հարցերը բարձրացնել»,- ասաց նա:
ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման իր հերթին ասաց, որ ՄԻՊ գրասենյակի գործունեությունը չափազանց մեծ է, և իրենց ներդրումը՝ չափազանց համեստ: «Քաղաքացիական հասարակության ձևավորման դերը մենք շատ ենք կարևորում: Ակնկալում եմ դրական արդյունքներ»,- ասաց նա:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր խոսքում ևս նշեց, որ հուշագրի ստորագրումը հիմնված է ընդհանուր արժեհամակարգի վրա:
«Հայ-ամերիկյան հարաբերությունները չափազանց ընդգրկուն են: Մենք համագործակցում ենք տարբեր հարցերի շուրջ, սակայն իրական գործընկերությունը հիմնվում է արժեքների շուրջ և այն արժեքները որոնք պահպանվում են այս գրասենյակի կողմից, շատ լուրջ համագործակցության հիմք են»,- ասաց նա:
Հուշագրով նաև սահմանվում է, որ ՄԻՊԳ-ն կբարելավի քաղաքացիների համար ծառայությունների հասանելիությունը, հատկապես մարզերում, և կամրապնդի հարաբերությունները Հայաստանի մարդու իրավունքների ոլորտի ընկերությնունների հետ:









