Փարիզի բուտիկների լույսերը գիշերները կանջատեն. գործարարները վնասներն են հաշվում

16:49 • 29.03.12

Հուլիսից Փարիզի թանկարժեք բուտիկները ստիպված կլինեն գիշերներն անջատել ցուցափեղկերի լույսերը` ֆրանսիական կառավարության` էներգասպառման կրճատմանն ուղղված նոր ծրագրի շրջանակներում, հայտնում է The Local-ը: Լույսերը կանջատվեն գիշերվա ժամը 1.00-ից մինչև առավոտյան 6.00-ը:

Ֆրանսիական կառավարության գնահատականով` նոր ծրագիրը թույլ կտա տնտեսել տարեկան 170 մլն եվրո:

Սակայն խանութների տերերը դժգոհ են «նորամուծությունից»: Ըստ նրանց` իշխանությունների այս նախաձեռնությունը բացասաբար կազդի իրենց բիզնեսի վրա:

«Ցուցափեղկերի լույսերի անջատման հետևանքով բրենդերի «տեսանելիությունը» կնվազի: Այն նաև անվտանգության հետ կապված խնդիրներ կստեղծի»,- հայտնել է խանութներից մեկի սեփականատեր Ժան Կլոդ Կատալանը:

Հրատարակության տվյալով` մոտ ապագայում կառավարությունը հարցի շուրջ քննարկումներ կանցկացնի խանութների տերերի հետ` «անվնաս» տարբերակներ որոնելու նպատակով: