Երևանում նախկին 3–ի փոխարեն կգործի մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում

15:28 • 29.03.12

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2012 թվականի ապրիլի 3-ից Երևան քաղաքում նախկին երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում` Գաջեգործների 76 հասցեում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ)։

Բացի այդ՝ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման համակարգերի արդիականացման, տեխնիկական վերազինման և Երևանի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման գործարկման հետ կապված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 2012 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը չեն աշխատելու:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ տրանսպորտային միջոցների օտարման այն պայմանագրերի դեպքում, որոնց ժամկետը լրանում է մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, գործողության վերջին օր կհամարվի 2012 թվականի ապրիլի 3-ը:

Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների ստացման համար դիմել 2012 թվականի ապրիլի 3-ից սկսած: