Ramona-ն Դանիայում բախվել է երկաթուղային կամրջին

15:45 • 29.03.12

Դանիայի հյուսիսում Ramona բեռնատար նավը բախվել է երկաթուղային կամրջին, հայտնում է «Ֆրանս պրես»-ը: Խոսքը Օլբորգ և Լինդհոլմ քաղաքներն իրար միացնող կամրջի մասին է:

Պատճառը դեռ հայտնի չէ. կամ կամուրջը ժամանակին չի բացվել, կամ նավն է ժամանակից շուտ մոտեցել դրան: Բախման հետևանքով կամուրջը լրջորեն վնասվել է, իսկ երկաթուղային տրանսպորտի երթևեկը` դադարեցվել, սակայն նավը չի վնասվել:

Ոստիկանությունից հայտնել են, որ հարվածն այնքան ուժեղ է եղել, որ կամրջի վերանորոգման աշխատանքները կտևեն առնվազն կես տարի: Վերականգնման համար կծախսվի մի քանի միլիոն դանիական կրոն (հարյուր հազար եվրո):

Միջադեպի հետևաքով տուժածներ չկան: Հաղորդվում է, որ վթարից ընդամենը մեկ րոպե անց կամրջի վրայով պետք է ուղևորատար գնացք անցներ: «Դա սարսափելի կլիներ»,- հայտնել են ոստիկանությունից: