Եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը. Սարիբեկ Սուքիասյանը պատճառաբանել է իր առաջադրումը

15:26 • 29.03.12

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, ,Հայէկոնոմբանկիե խորհրդի նախագահ և ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարիբեկ Սուքիասյանը հանդես է իր առաջադրման դրդապատճառների պարզաբանմամբ։ Ներկայացնում ենք այն ստորև.

Եղբայրս հորդորեց ինձ ընդունելու այս որոշումը:

Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին:

Առաջին. եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում և քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում և, իհարկե, մեզ մոտ: Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով և գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը:

Երկրորդ. Խաչատուրի համար ամենևին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր, նախաձեռնություններ, ծրագրեր ունի և ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան: Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը:

Երրորդ. Բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջև: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձևավորված ավանդույթը այսուհետ ևս շարունակվի:
Չորրորդ. Իմ առաջադրումը նաև ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին:

Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով և բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները:

Սարիբեկ Սուքիասյան

Հիշեցնենք, որ երեկ թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն որոշեց չգրանցել Խաչատուր Սուքիասյանին՝ որպես պատգամավորի թեկնածու: Հանձնաժողովի նախագահ Սամվել Յազրյանը նշել էր, որ մերժման պատճառն այն է, որ Խաչատուր Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը թերի են, տվյալ դեպքում բացակայում է վերջին 5 տարում ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը: